Վահան Մարտիրոսյանը ընդունել է չինական «GSAFETY» ընկերության ներկայացուցիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտը բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որի մասնագետների գիտատեխնիկական ձեռքբերումները ներդրվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում: Իսկ «GSAFETY» ընկերությունը, աշխատելով պետական բազմաբնույթ նախագծերի վրա, մասնագիտացված է ծրագրային համակարգերի մշակմամբ, որոնք կիրառվում են հանրային անվտանգության տարբեր ոլորտներում:
Նախարարը ողջունեց հյուրերին և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնեց` նկատի ունենալով Չինաստանի կառավարության և մասնավոր հատվածի հետ գործակցության հաջող փորձը:
Հաշվի առնելով «GSAFETY» ընկերության փորձառությունը տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման գործում, քննարկվեց հնարավոր համագործակցությունը «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու գործընթացում:
Սյուե Հայլունը , ներկայացնելով ընկերության գործունեության ուղղությունները, առաջարկեց գործակցություն նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի շուրջ բանակցությունները շարունակել համապատասխան մասնագետների ներգրավմամբ: