Չեխիայի նախագահը դեմ է երկրում մուսուլման միգրանտներ ընդունելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել մուսուլմանական երկրներից գաղթածներին երկրում ընդունելուն։ Ավանդական սուրբծննդյան ուղերձում նա խոսել է ահաբեկչական սպառնալիքի մասին, որը կտրուկ կուժեղանա հանրապետությունում իսլամական համայնքի ձեւավորման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների ու միգրացիոն ալիքի միջև փոխադարձ կապ կա,- ասել է Զեմանը,- Փախստականներին ընդունելը կարող է պարարտ հող ստեղծել ահաբեկչությունների կազմակերպման համար»։
Նրա կարծիքով մուսուլման միգրանտները չեն կարող լիարժեք ինտեգրվել չեխական հասարակությանը։ Դրա համար էլ նա դեմ է առաջիկա երկու տարիներին Չեխիայի տարածքում «այսպես կոչված կամավորության սկզբունքով 6․2 հազար փախստականներ ընդունելուն»։ «Ես դեմ չեմ, որ մենք օգնենք փախստականներին նրանց կամ հարեւան երկրների տարածքում»,- հավելել է Զեմանը։