Ողջ Խաչիկ գյուղը` վարկային կազմակերպությունների ճիրաններում. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է շատ գյուղացիական տնտեսություններ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել և կանգնած են ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջև: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր նախորդ վարկը փակելու համար նոր վարկ են վերցրել և ավելի խճճվել վարկային թնջուկի մեջ: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժվարացավ ասել, թե նման գյուղացիական տնտեսությունների նմանօրինակ խնդիրները կարգավորելու համար 2017–ին վարկային համաներում կլինի, թե՝ ոչ:
«Հարցն այն է, որ երբ վարկի հնարավորություն է լինում մարդիկ գայթակղվում և գումար են վերցնում բանկերից, բայց միշտ չէ, որ վերցված վարկը օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում ներդրում կատարելու համար: Շատ ժամանակ վերցված վարկը կարող է օգտագործված լինի իրենց անձնական նպատակների կամ առօրյա հարցերը լուծելու համար: Մենք իհարկե աշխատում ենք և՛ Կենտրոնական բանկի, և՛ մյուս գերատեսչությունների հետ հասկանալու համար, թե հնարավոր է համաներում կատարել և ո՞ր վարկը կարող ենք համաներել»,– ասաց գյուղնախարարը:
Ի. Առաքելյանի տեղեկացմամբ այդ գումարները շատ մեծ թիվ են կազմում և համատարած համաներման դեպքում պետության վրա շատ մեծ բեռ կդառնա: «Փաստի» հարցին, թե ինչ է սպասվում այն մարդկանց, ովքեր բանկային տոկոսների պատճառով ներկայում ողջ գյուղերով կանգնած են իրենց սեփական տունն ու ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջև և նման ունեզրկում թույլ չտալու համար արդյո՞ք կառավարությունը որևէ քայլ այնուամենայնիվ չի ձեռնարկի, գյուղնախարարը բերելով Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի օրինակն ասաց, որ կան դեպքեր, որոնցով զբաղվելու հիմքեր չկան:
«Խաչիկ գյուղի ողջ բնակիչներն իրենց ունեցվածքը գրավադրել են բանկում և այդ գումարները տվել են իրենց համագյուղացուն, որպեսզի նա իր խանութն աշխատեցնի: Այդ անձնավորությունը չի կարողացել աշխատացնել իր խանութը և այսօր ողջ գյուղը վարկի տակ է: Այդ պարագայում մենք ի՞նչ անենք: Երբ գյուղացին վարկ է վերցնում, ինքը պետությանը չի հարցնում վարկ վերցնի՞, թե՝ ոչ: Գյուղացին ինքն է նման որոշում կայացնում և ինքն էլ պետք է հաշվարկի իր ռիսկերն ու հնարավորությունները: Երբ չի ստացվում ասում են՝ պետություն իմ վարկը փակի: Դա հակասում է նորմալ տրամաբանությանը: Ինչպե՞ս կարող է ողջ գյուղը վարկ վերցնի, տրամադրի իր համագյուղացուն, հետո պետությանն ասի՝ իմ վարկը համաներեք»,– ասում է Ի. Առաքելյանը:
Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը ներկայացնելով գյուղում տիրող իրավիճակն ասաց, որ իսկապես գյուղում անտանելի իրավիճակ է, որի վերջն ինքն այս պահին դեռ չի տեսնում:
«Ընդհանուր պարտքը, որ վերցրել ու տվել են Մնացականյան Արսեն, Իսկանդարյան Ալվարդ ամուսիններին մոտ 80 մլն դրամ է կազմում: Նրանք խանութի տերերն են ու տարիներ շարունակ ժողովրդից գումարներ են վերցրել, օգտագործել, տոկոսները փակել, սակայն 2015 թ.–ին չկարողացան պարտքերը փակել և ողջ գյուղը հայտնվեց այդ վիճակի մեջ: Մեր կարծիքով մեզ համար միակ ցանկալի լուծումն այն կլինի, որ այդ պարտքը փոխանցվի նրանց անունով, որից հետո էլ իրենք ու իրենց ժառանգները տարիներ շարունակ վճարեն այն»,– ասում է համայնքապետը:
Վ. Ներսիսյանը նշեց նաև, որ գյուղի 90%–ն այդ վիճակում է, իսկ վարկերը վերցրել են «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունից, 24% տոկոսադրույքով: Համայնքի ղեկավարի խոսքով իրենք կապ են տեսնում վարկառուների ու վարկային կազմակերպությունների միջև, այլապես անգործ և եկամուտ չունեցող գյուղացուն որևէ մեկը վարկ չէր տա:
«Խնդրին տեղյակ է նաև երկրի ղեկավարը: Հանձնարարել է հարցն ուսումնասիրել, սակայն արդեն յոթ ամիս է որևէ արձագանք չկա»,– ասում է Խաչիկ համայնքի ղեկավարը:
Ու թեև քրեական գործ է հարուցված ու քննություն է գնում, սակայն փաստաթղթերն այնպես է ձևակերպված եղել, որ այսօր ժողովուրդը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ու չնայած իրական պարտատերերը պարտավորագիր են տվել գյուղացիներին, բայց կարծես թե դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում և այսօր մարդիկ կանգնած են վտանգի առջև:
«Ովքեր աշխատում են, նրանց հաշիվների վրա կալանք է դրված և մարդիկ արդեն մտածում են աշխատանքից ազատվելու և գյուղը լքելու մասին: Սա ամենամտահոգիչ վտանգն է, որն այսօր կախված է մեր գյուղի վրա»,– ասում է Վ.Ներսիսյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: