ՌԴ-ի հետ նոր համաձայնագիրը չի բխում Հայաստանի անվտանգության շահերից. իրավապաշտպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեռևս անհայտ է, թե արդյոք հայկական կողմը տվել է պատասխան Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Հիշեցենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Կոլեկտիվ անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ համաձայնությունը:
Բացի այդ՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հրահանգվել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնությունը:
Սաքունցի խոսքով՝ եթե ձեռքն է բերվել նման համաձայնություն, ապա պետք է հասկանալ, թե Հայաստանի շահի տեսակետից ինչպես է հիմնավորվում այդ փաստաթուղթի առկայությունը:
«Այս դեպքում օդային պաշտպանության տեսակետից խիստ անհամաչափ են Հայաստանի և ՌԴ-ի կարողությունները՝ նկատի ունենալով հզորությունների և հնարավորությունների տարբերությունները: Համեմայն դեպս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ համաձայնությամբ ավելի շուտ ՌԴ-ն իրավասություն է ձեռք բերում օգտագործելու Հայաստանի օդային տարածքն իր նպատակների համար: Հակառակ դեպքում հետաքրքիր կլիներ իմանալ Հայաստանը Ռուսաստանի օդային տարածքն օգտագործելու տեսակետից որևէ մասակցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ համաձայնագիրը վերաբերում է ՀՀ-ի տարածքի իբրև թե պահպանությանը:
Հիշեցնենք, սակայն, որ ՀՀ օդային տարածքի պահպանության հարցն առաջին հերթին Հայաստանի իրավասության խնդիրն է, իսկ միասնական հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիրն ավելի շատ նման է վերալիազորմանը»,- մեկնաբանեց Սաքունցը՝ հիշեցնելով, որ ստացվում է, որ մենք լիազորում ենք մի պետությանը, որը միջազգային հարաբերություններում ունի խիստ ցածր վստահության մակարդակ, ավելին, որակվում է որպես ագրեսոր պետություն, որը վտանգ է ներկայացնում նաև մեր հարևանների համար:
Իրավապաշտպանի կարծիքով՝ մեր օդային տարածքը կարող է օգտագործվել ՌԴ-ի կողմից վտանգներ կամ սպառնալիքներ կիրառելու համար, ընդ որում, սպառնալիքների հասցեատերերը կարող են լինել ոչ միայն ՀՀ-ի հարևան պետությունները, այլ նաև Մերձավոր արևելքը՝ Սիրիան, Իրաքը և այլ պետություններ:
«Միանշանակ, կարծում եմ, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից, քանի որ մեր անվտանգության կարևոր հիմնաքարը հարևան պետությունների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է, իսկ ՌԴ-ն չունի նպատակ ՀՀ հարևան պետությունների հետ խաղաղ հարաբերություններ ստեղծելու հարցւմ»,- վստահություն հայտնեց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ եթե մեր հարևանները տեսնեն, որ ՌԴ-ն մեր օդային տարածքում լիազորություններ է ձեռք բերում, դրա մեջ տեսնելու են իրենց անվտանգությանը սպառնացող վտանգ: Ըստ նրա՝ ՀՀ-ն ակամա դառնում է մի գործիք, միջոց Ռուսաստանի քաղաքական նկրտումների համար:
Պատասխանելոց հարցին, թե արդյոք այդ համաձայնագիրը կարելի է որակել որպես զիջում, իրավապաշտպանն արձագանքեց, թե սա ոչ միայն զիջում է, այլ Ռուսաստանի կողմից օկուպացման քայլ: Սաքունցը նաև հավելեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչ զիջել Ռուսաստանին, միայն թե պահպանի իր իշխանությունը:
Լիլիթ Լալայան