Ամերիկահայ բարերարը պիցցաներ ու ֆրեշներ է ուղարկել Բաղրամյան փողոցի ցուցարարներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկահայ մի բարերար, որը չի ցանկացել նշել իր անունը, այսօր՝ հունիսի 25-ին, մեքենայով պիցցաներ ու ֆրեշներ է ուղարկել Բաղրամյան պողոտայում 3-րդ օրն անընդմեջ նստացույց անող ակտիվիստներին: Դրանով նա իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ելած քաղաքացիներին:
Բացի այդ, ժողովուրդը պարբերաբար իրենց տներից, այդ թվում հարակից գյուղերից հաց, թխվածք, գաթա, կարկանդակ, ջուր ու թան են բերում Բաղրամյան պողոտա:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատելով, որ սնունդ են բաժանում, մոտեցել է տվյալ հովանոցին, հետաքրքրվել, թե կոնկրետ ինչ են բաժանում, ով է ուղարկել: Ցուցարարները պատասխանել են, որ ամբողջն արվում է կամավոր, ժողովրդի կողմից, մարդիկ այդկերպ իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին:
Ակտիվիստներն Օսիպյանին քաղցրավենիք առաջարկեցին, որից նա հրաժարվեց ասելով, որ քաղցր չի օգտագործում: Հարցին, թե կարո՞ղ են քաղրեղեն ու հյութ առաջարկել ոստիկաններին, որոնք նույնպես արեւի տակ ժամերով կանգնած են, Օսիպյանը պատասխանեց, որ հստակ արգելք չկա, առաջարկել կարող են: