Ինչպե՞ս իրականացնել մարդու վաղեմի երազանքը՝ թռչունի պես թռչել․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Մարդկությունը միշտ էլ ձգտել է դեպի վեր, դեպի նոր բարձունքներ։ Երկնքի ու երկրի միջև սավառնելու երազանքը հնագույն ժամանակներից է տիրել մարդկային գիտակցությանը։ Ավիացիոն տեխնոլոգիաների գալուստով էլ այդ երազանքը չի վերացել: Այսօր, եթե ցանկանում ես «թռչուն» դառնալ, բավական է, որ հագնես վինգսյութ և ազատ թռիչքով սավառնես գետնից վեր, թռչես՝ ուր կամենաս։ Իսկ ի՞նչ է վինգսյութը: Անգլերենից բառացիորեն թարգմանված «wingsuit» նշանակում է գործվածքային կոստյում, որը կարող է նմանակել թևերը: Օդում նման կոստյումը ձևավորում է 3 տեսակի թևեր՝ մեկական յուրաքանչյուր ձեռքի և իրանի միջև, իսկ մյուսը՝ երկու ոտքերի միջև։ Դա թույլ է տալիս մարդուն թռիչքի ժամանակ վերահսկել իր շարժումները տարբեր ուղղություններով։ Վինգսյութով թռիչքը պարաշյուտային սպորտի տարատեսակ է, և այն շատ են սիրում էքստրեմալ սպորտսմենները:
«Չղջիկ» տեսակի թևերի գյուտերի պատմության մեջ գրված են 75 կտրիճների անուններ, ովքեր փորձել են նվաճել երկինքը իրենց հորինած նմուշների օգնությամբ։ Սակայն նրանցից միայն երեքին է հաջողվել ողջ մնալ, մնացածը զոհվել են փորձարկումների ժամանակ։ Անգամ 20-րդ դարի կեսերից ԱՄՆ-ում չափազանց բարձր մահացության պատճառով արգելք է մտցվել չղջիկային թևերի փորձարկումների վրա, որը հանվել է միայն 1987 թվականին: Եվ միայն 1990-ականներին է ամեն ինչ գլխիվայր շուռ եկել: Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի գյուտարար Պատրիկ դը Գեյարդոնը ստեղծել կոստյում, որն էլ հանդիսացել է ժամանակակից վինգսյութի նախատիպը: Արդեն գոյություն ունեցող նմուշներում նա մի քանի հիմնարար փոփոխություն է կատարել, երկու թևերի փոխարեն առաջարկել է օգտագործել երեքը, ինչպես նաև բարելավել է թևերը, որոնք այդուհետ դարձել են երկշերտ։ Գործվածքի թևերի ներսում կողիկներ են մտցվել, որոնք ուռչում են օդի հոսքից և առաջ շարժվելիս առաջացնում են «վերելակ» էֆեկտ:
1996 թվականին հեղինակն առաջին փորձնական թռիչքներն է իրականացրել իր իսկ հորինած այդ կոստյումով։ Թևավոր հագուստի ստեղծման համար հիմք է հանդիսացել թռչող սկյուռների թռիչքային տեխնիկայի երկար ու տքնաջան դիտարկումը: Առաջին կոստյումներն օգնել են գյուտարարին թռչել հորիզոնական հարթության վրա այնքան, որքան ուղղահայաց հարթության թռիչքի հեռավորությունն է: Որոշ ժամանակ է պահանջվել Գայլարդոնից թռիչքի տեխնիկան բարելավելու համար։ Փորձերի ընթացքում թևերի մակերեսը աստիճանաբար մեծացվել է, և դա դրական արդյունք է տվել։ 1997 թվականին թռիչքի տևողությունը 27 վայրկյան էր, որն արդեն իսկ նշանակալի արդյունք էր։ Սակայն 1998 թվականին սարսափելի դեպք է տեղի ունեցել. Գայլարդոնը վթարի է ենթարկվել թռիչքի իրականացման ժամանակ։ Նրա մահվան պատճառը եղել է նրա կատարելագործած կոստյումի՝ չբացված գլխավոր պարաշյուտը։ Ժամանակակից վինգսյութը ձևավորվել է 1998 թվականին։
Նրա գյուտարարներն են եղել Յարի Կուոսմանը և Ռոբերտ Պեկնիկը: Վինգսյութն օգտագործելու համար հատուկ ուսուցում է պահանջվում: Ցանկալի է ունենալ 200 պարաշյուտով ցատկի փորձ, իսկ իդեալականը՝ 500-ից ոչ պակաս: Թռիչքներն իրականացվում են կա՛մ մեկ էքստրեմալ սպորտսմենի կողմից, կա՛մ մի քանի մարզիկների կողմից որպես խմբի մաս: Միայնակ թռիչքի ժամանակ մարդը կարող է ինքնուրույն կատարել տարբեր պտույտներ կամ ակրոբատիկ սալտոներ: Խմբի կազմում մարզիկները կարող են միաժամանակ տարբեր հնարքներ կատարել կամ երկնքում ֆիգուրներ կառուցել: Վինգսյութներով խմբակային թռիչքները կոչվում են «երամային»: Վինգսյութով թռիչքները տեխնոլոգիական առումով հնարավորինս մոտ են թռչունների թռիչքին։ Վինգսյութիստը վայր ընկնելու փոխարեն թռչում է առաջ։ Պարզվում է, որ իրականացել է մարդու երազանքը՝ թռչունի պես թռչել։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում