Ո՞ր ժամանակներից են մարդիկ սկսել կոշիկ հագնել․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պալեոնտոլոգները, վերլուծելով հնագույն պեղումները, ենթադրում են, որ ժամանակակից կոշիկների նախատիպը հայտնվել է Արևմտյան Եվրոպայում մոտ 30 հազար տարի առաջ: Հին մարդկանց կմախքների և ոտքերի ոսկորների մնացորդներից հնարավոր է եղել պարզել, որ հենց այդ ժամանակաշրջանն է բնութագրվում մարդու ոտնաթաթի կառուցվածքի փոփոխությամբ։ Կոշիկները աստիճանաբար նեղացել են, ինչն էլ հանգեցրել է ոտքի չափի նվազման։ Առաջին կոշիկների նպատակը թելադրված է եղել որոշակի եղանակային պայմաններով: Հիմնադրվել են առաջին քաղաքակրթությունները, փոխվել են կլիմայական պայմանները, և եղել է համատարած սառեցում։ Հին մարդիկ սկսել են հագնել կենդանիների մորթիներ, իսկ ոտքերը փաթաթել կենդանիների կաշվով:
Ընդ որում, ոտքերը տաք պահելու համար այդ նախակոշիկները լցոնել են ծղոտով և արտաքինից կապել ծառի կեղևից ստացվող պարաններով։ Հարավային երկրներում ևս հայտնվել են կոշիկի նախատիպերը, բայց այնտեղ հակառակն է եղել՝ անհրաժեշտ է եղել ոտքերը պաշտպանել տաք ավազից և այրվածքներից։ Արդյունքում, օրինակ՝ Հին Եգիպտոսում հայտնվել են սանդալները: Դրանք պապիրուսից էին կամ արմավենու տերևներից, և կաշվե ժապավեններով ամրացվում էին ոտքերին։ Ավելին, հայտնվել է կոշիկի մեկ այլ տեսակ ևս, որը հիշեցնում էր փակ ծայրով ժամանակակից հողաթափերը։ Ըստ Հին Հունաստանի որմնանկարների, կարելի է եզրակացություններ անել, թե այն ժամանակ ինչպիսի կոշիկներ են եղել։
Հիմնականում եղել են երկար կապիչներով սանդալներ։ Կապիչները հասնում էին մինչև ծնկները. նման կոշիկները կոչվում էին «կրեպիդներ»: Գիտնականները կարծում են, որ հենց Հունաստանում են սկսել յուրաքանչյուր ոտքի համար՝ աջ և ձախ, առանձին կոշիկ կարել։ Այն ժամանակ տարածված էին նաև երկարաճիտ կոշիկները, որոնց քթերը բաց էին, և ոտքի մատները երևում էին։ Ավելին, հենց այնտեղ է ծնվել կանանց կոշիկների նորաձևությունը. հետերաների կոշիկների ներբանները այնպիսին էին, որ ավազի վրա հետք էին թողնում գրությամբ՝ «հետևիր ինձ»: Մյուս նորարարությունը ևս ծագել է Հին Հունաստանում: Դերասաններն սկսել են կրունկով երկարաճիտ կոշիկներ հագնել, որպեսզի բեմի վրա ավելի լավ երևան։
Կոշիկների վրայի զարդարանքներից, գործվածքից, որից դրանք պատրաստվել են, և նույնիսկ քուղերի քանակից կարելի էր պատկերացում կազմել դրա տիրոջ սոցիալական կարգավիճակի մասին։ Օրինակ՝ Հին Հռոմում աղքատները կարող էին միայն մեկ քուղով սանդալ հագնել, իսկ հարուստները՝ չորս: Բացի այդ, կանանց թույլատրվում էր կրել միայն սպիտակ կոշիկներ, իսկ տղամարդկանց՝ սև: Միջնադարում Ֆրանսիայում թագավորի հրամանով բոլոր ազնվականները հատուկ կոշիկներ են կրել։ Դրանք նեղ կոշիկներ էին՝ երկար, կոր քթերով։ Հետո՝ 15-րդ դարում, կոշկակարները նորաձևության մեջ մտցրին բութ քթերը, իսկ ահա 16-րդ դարը նշանակալից էր կաշվով զարդարված կրունկներով կոշիկների առատությամբ։ Միևնույն ժամանակ, ի հայտ եկան մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկները, որոնք օգտագործվում էին ձիավարության ժամանակ։ Հետաքրքիր է, որ միջնադարում նորաձև էին միայն տղամարդկանց կոշիկները, քանի որ կանայք կոշիկները թաքցնում էին լայն, երկար շրջազգեստների տակ։
17-րդ դարում շրջազգեստները կարճացան, և այդ ժամանակից սկսեց զարգանալ կանանց կոշիկների նորաձևությունը: 18-րդ դարում հայտնվեցին լաքապատ կոշիկները։ Սկզբում այն կրում էին կանայք, բայց հետո սկսեցին կրել նաև տղամարդիկ։ Սկսեցին կոշիկներ պատրաստել աջ և ձախ ոտքերի համար, մինչ այդ բոլոր կոշիկները ուղիղ էին։ Սկսեցին ի հայտ գալ տարբեր գույների կոշիկներ: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կոշիկները զգալի փոփոխությունների ենթարկվեցին։ Նորաձևության մեջ մտան ճտքավոր կոշիկները և կաշվե մարտական «սապոգները»։ Բանակային կոշիկների նորաձևությունը հասել է նաև մեր ժամանակներ, և դրանք հիմա հաճույքով կրում են ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները։ Արենիի քարանձավում տարիներ առաջ հնագետները գտել են կոշի, որը 5,5 հազար տարեկան է և համարվում է աշխարհի ամենահին ամբողջական կոշիկներից մեկը, եթե ոչ ամենահինը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում