Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր տեղեկություններով, լրջորեն անհանգստացրել է իշխանություններին։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին իշխանությունները գրեթե 24-ժամյա ռեժիմով լուրջ հաշվարկների մեջ են, թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ շարժումը, հատկապես մայիսի 8-ի երեկոյան և 9-ին ի՞նչ քանակի մասնակիցներ կլինեն, որքանո՞վ կաշխատի «ձնագնդի էֆեկտը» և այլն։
Ավելին, նրանք շատ լավ հասկանում են, որ ցանկացած պահի փողոցում կարող են տեղի ունենալ շրջադարձային իրադարձություններ, ինչի արդյունքում պարզապես կկորցնեն իշխանությունը, ուստի, փորձում են մոբիլիզացնել հնարավոր բոլոր մեթոդներն ու վարչական ռեսուրսը՝ կանխելու այդ զարգացումները։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ, ի թիվս այլ նախապատրաստական աշխատանքների, մասնավորաբար ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցների տնօրեններին և հանձնարարել, որ հնարավոր բոլոր տարբերակներով կանխեն աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին։ Ընդ որում՝ անկախ նրանից՝ դասի ժամ կլինի, թե դասերից հետո կամ հանգստյան օրերին:
Մեր տեղեկություններով, այս օրերին հատկապես Երևանի մի շարք դպրոցների տնօրեններից բարձր դասարանցիների թվերն են ճշտում, որպեսզի կարողանան լիարժեք վերահսկողություն հաստատել՝ ովքեր են եկել դպրոց, ովքեր են բացակա, ինչ պատճառով և այլն: Ի դեպ, առանձին ուշադրության տակ են նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչները, որոնց հետ կապված՝ տնօրեններին հորդորել են առանձնազրույցներ ունենալ և փորձել համոզել՝ հեռու մնալ և չմասնակցել Երևանում սպասվող գործընթացներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում