Քանի անգամ է ՆԱՏՕ-ն զոհաբերել իր «դաշնակիցներին»
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն ուղղված գործողությունները դարձել են անթաքույց, և պաշտոնական Երևանը որոշել է բաց խաղալ՝ չթաքցնելով պրո-արևմտյան խաղաքարտերը: Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն շատ ավելի արդյունավետ դաշնակից կլինի և կապահովի ՀՀ անվտանգությունն ահագնացող ռիսկերի ֆոնին: Սակայն, պատմությունը և փաստերը վկայում են այն մասին, որ ի տարբերություն նույն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն բազմիցս աչքի է ընկել իր դաշնակիցներին քցելով և խաբելով:
2008 թվականի վրաց-օսական հակամարտությունից հետո, երբ Արևմուտքի աջակցության հավաստիացումներին հավատացած Վրաստանը պատերազմի արդյունքում կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ ՆԱՏՕ-ն օրակարգ բերեց Թբիլիսիին ալյանսի կազմ ներառելու հարցը, կարելի է ասել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Սակայն, ընդամենն ամիսներ անց ՆԱՏՕ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարեց, որ Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու հարցում որևէ կոնսենսուս չկա: 2014–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության հարցն ընդհանրապես չի քննարկվում: Իսկ ահա 2022-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու պայմանների վերաբերյալ։ «Անդամակցության հարցում մենք չենք պատրաստվում նշել որևէ ժամկետ»,- ասել է Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
Նույն ճակատագրին արժանացավ Ուկրաինան: 2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը հետաձգվեց, իսկ դեկտեմբերին որոշում ընդունվեց հարաբերությունների նոր ձևաչափի մասին՝ տարեկան ազգային ծրագրերի շրջանակներում, որոնք ճանապարհային քարտեզ են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Ուկրաինան բարեփոխելու համար: Այնուհետև եղավ 2014-ի պատերազմը, երբ Ուկրաինան կորցրեց Ղրիմը: ՆԱՏՕ-ն այս անգամ էլ բավարարվեց ընդամենը աջակցության խոսքեր հնչեցնելով: Այսօր, երբ Ուկրաինան հերթական պատերազմի արդյունքում կանգնած է էլ ավելի մեծ տարածքներ կորցնելու վտանգի առջև, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, որ կառույցը Ուկրաինային իր կազմ ընդունելու սցենար այս պահին չի քննարկում: Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին գործնականում չէր քննարկվում, սակայն Ղրիմի իրադարձություններից հետո այդ հարցը ավելի ու ավելի հաճախ է հնչում։ Սովորաբար դա ձևակերպվում է այսպես՝ կցանկանա՞ն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ իրենց զինվորներին ուղարկել պատերազմելու ՌԴ–ի դեմ, եթե վերջինս հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա։ 2016 թվականի սկզբին BBC-ն նույնիսկ ֆիլմ թողարկեց՝ նվիրված այս սցենարին։ Արդյունքում՝ 2014 թվականին Միացյալ Նահանգներն սկսեց մի շարք գործողություններ և զորավարժություններ, որոնք ուղղված էին ՆԱՏՕ-ի իր արևելյան դաշնակիցներին վստահեցնելու, որ դաշինքը կաջակցի նրանց ռուսական ագրեսիայի դեպքում: Ինչպես տեսնում ենք՝ դա այնքան էլ այդպես չէ:
ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին քցել է ոչ միայն գեղեցիկ խոստումներ տալով՝ այնուհետև դրանցից հետ կանգնելով: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն չի արձագանքել դաշինքի անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Ալբանիայի միջև առկա կոնֆլիկտին, որն էլ ավելի սրվեց 2021-ին, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում՝ 6 մղոնից հասցնելով 12 մղոնի: Սա, բնականաբար, դուր չեկավ Տիրանային և արդյունքում՝ նույնիսկ մի քանի բավական լուրջ միջադեպեր գրանցվեցին, որոնք ՆԱՏՕ-ն պարզապես չնկատելու տվեց:
Մեկ այլ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հապճեպ դուրս գալը, եթե չասենք՝ փախուստն Աֆղանստանից զգալիորեն թուլացրեց աֆղանական բանակը՝ ամրապնդելով Թալիբան շարժման դիրքերը՝ երկիրը նորից գցելով ահաբեկչության և իսլամական ջիհադի ճիրանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո աֆղանցիները պետք է ստանային առնվազն 17074 միավոր տեխնիկա։ Սակայն իրականում ԱՄՆ բանակին պատկանող տեխնիկայի մեծ մասը հայտնվել է գրոհայինների ձեռքում։
Ահա այսպիսի ճակատագիր է սպասվում այն բոլոր պետություններին, ովքեր իրենց հույսը կապում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող անվտանգության մեխանիզմների հետ...