Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը
ОБЩЕСТВОՑեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գործող իշխանությունները հերթական վտանգավոր քայլն են անում՝ փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը։ Օրերս Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ասում ենք ցեղասպանվել է 1,5 միլիոն հայ, ապա պետք է անուն առ անուն կազմել զոհերի ցուցակը, նրանց հետ կատարվածի մանրամասները՝ որտեղ են սպանվել, ինչ պայմաններում և այլն։
Ըստ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանն այժմ ցանկանում է անել դա։ Քոչարյանն այդ հայտարարությունը կրկնել է նաև խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ փաստելով, որ դա ոչ թե անձնական նախաձեռնություն կամ լեզվից թռած արտահայտություն է, այլ Հայաստանի գործող իշխանությունների հստակ քաղաքական գիծ, ընդ որում, իշխանության այս նախաձեռնությանը աջակցություն է հայտնել նաև Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, թե այդկերպ ավելի գիտական մոտեցում է ցուցաբերվում ցեղասպանության հարցերին։ Հայոց ցեղասպանության ժխտողականության համար քրեական պատիժ է սահմանվել մի քանի երկրներում, այդ թվում, օրինակ, Ֆրանսիայում։
Նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ Հայաստանի գործող իշխանությունները կարող են իրենք դառնալ Հայոց ցեղասպանության ժխտման առաջամարտիկը։ Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիայի ներկայացրած հերթական ևս մեկ պահանջի կատարում։
Զարմանալի չէ, որ փաշինյանական վարչախմբի խայտառակ այս արարքին դեմ են դուրս եկել նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ատամներով պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Լավագույնս Անդրանիկ Քոչարյանին անդրադարձել և խստորեն քննադատել է հայտնի սորոսական Հրանուշ Խառատյանը՝ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մայրը, իսկ մասնագետ ցեղասպանագետները նշում են, որ Հայաստանի այս քայլը ոչ միայն պատմականորեն արդարացված չէ, այլ նաև չափազանց վտանգավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։
Դավիթ Գասպարյան