Հովհաննես Մանուկյանի զբաղվածությունը թույլ չի տալիս ճանապարհորդել
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑPast.am-ը շարունակում է ներկայացնել նախկին պաշտոնյաների ներկա առօրյան: Շարքի հաջորդ հյուրը Արդարադատության նախորդ նախարար Հովհաննես Մանուկյանն է:
Արմատներով մշեցի, ծնունդով գյումրեցի Մանուկյանը 2011–14 թվականներին եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2014–ի ապրիլից մինչ 2015–ի հուլիս ամիսը պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարար:
Նշենք, որ նա բազում նախասիրություններ ունի, այդ թվում՝ ճանապարհորդելն ու արվեստի տարբեր նմուշների կոլեկցիաներ հավաքելը։ Երիտասարդության տարիներից սկսած հավաքել է ժամանակակից արվեստի հայ և արտասահմանյան նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ և ներկայում մեծ հավաքածու ունի։
Past.am-ի հետ զրույցում Հ. Մանուկյանն ասաց, որ պաշտոնաթողությունից հետո առավելապես զբաղվում է հասարակական գործունեությամբ, որով նա և զբաղվել է պաշտոնավարման տարիներին, իսկ ազատ ժամանակն ավելի շատ տրամադրում է ընթերցանությանը.
«Պաշտոնավարման ընթացքում ազատ ժամանակ շատ չի լինում ընթերցանությամբ զբաղվելու համար, հիմա փորձում եմ այդ բացը լրացնել»,– ասաց Հ. Մանուկյանը:
Պատասխանելով հարցին, թե որն է իր ընթերցած վերջին գիրքը` Մանուկյանն ասաց, որ սիրում է ինչպես նոր գրքեր ընթերցել, այնպես էլ վերընթերցել նախկինում կարդացած գրքերը, իսկ հիմա կարդում է Հերման Հեսսեի «Ուլունքախաղ» վեպը:
Խոսելով իր հոբբիների մասին՝ Մանուկյանն ասաց, որ շատ է սիրում ճանապարհորդել ու այլ երկրների մշակույթներին ծանոթանալ.
«Այլ ժողովուրդների նիստուկացին ու սովորույթներին ծանոթանալը միշտ ինձ համար հետաքրքիր է եղել: Ես շատ եմ սիրում այն երկրները, որոնք ոչ թե նախատեսված են հանգստի կամ զվարճանքների համար, այլ որտեղ բացահայտելու բան կա»,– ասում է Հ. Մանուկյանը:
Ու չնայած նախկին նախարարը ճանապարհորդել շատ է սիրում, վերջին մեկ տարում առիթ չի ունեցել նոր մշակույթներ բացահայտելու: Նա նշեց, որ շատ է ցանկանում լինել օրինակ՝ Պերուում: Այժմ ավելի շատ կենտրոնացած է հասարակական գործունեության և փորձագիտական աշխատանքի վրա, քանի որ այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու.
«Հասարակական ծրագրերի շրջանակներում ավելի շատ զբաղված եմ բարեգործական ծրագրեր իրականացնելով: Զբաղվում ենք Գյումրիի խնդիրներով: Բացի այդ, զբաղվում եմ նաև հայ–վրացական հարաբերությունների ընդլայնման ծրագրերով, քանի որ շատ եմ կարևորում մեր արտաքին քաղաքական հարաբերությունների հայ–վրացականին վերաբերող լրջագույն ուղղությունը»: