Սերժ Սարգսյանի սուպերլոկոմոտիվը
ANALYSISRegnum–ի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական զարգացումներին.
Անդրադառնալով այսօր կայանալիք ՀՀԿ համագումարին, երբ իշխող ուժը մեծ հանդիսությամբ իր գիրկը կառնի վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա թիմի ևս երկու անդամի, ռուսական Regnum–ը չի բացառում, որ 2017 թ. ապրիլին կայանալիք ընտրություններին Կարապետյանը կգլխավորի կուսակցության ցուցակը: Իսկ համապատասխան հայտարարությունը կարվի մոտ օրերս: Խարիզմատիկ վարչապետը, ով այսօր Հայաստանում ամենամեծ հեղինակությունն ունեցող գործիչն է, պետք է կատարի սուրպերլոկոմոտիվի դեր, որը հին գնացքին կօգնի առաջ ընթանալ` ի հեճուկս հասարակությունում առկա հակակառավարական տրամադրությունների:
Բայց դա ամենևին չի նշանակում, որ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ում լիազորություններն ավարտվում են 2018–ին, կգնա վաստակած հանգստի: «Համենայնդեպս, ինքը՝ Սարգսյանը, վստահ է, որ ընտրություններից առաջ և հետո իր ձեռքում է պահելու երկրի և կուսակցության կառավարման վահանակը: Թե ինչ ձևով, ըստ ամենայնի, նա դեռ չի որոշել: Միայն շատ մեծ երևակայություն ունեցող մարդը կարող է հավատալ, որ Սերժ Սարգսյանը որոշել է ինքնակամ հանձնել իշխանությունը և հեռանալ: Քաղաքական հերթական պիեսը գրել է հենց նա, ու թե իրադարձություններն ինչպես կզարգանան, ըստ նրա, կախված է իր որոշումից»,– գրում է պարբերականը` նկատելով, որ «հայկական անմեղսունակ ընդդիմության ներկայացուցիչները Սարգսյանին համեմատում են Անմահ Կոշչեյի հետ և ջղաձգորեն կատակում, թե Կոշչեյն էլ վաղ, թե ուշ հեռանում է»:
Ըստ Regnum–ի վերլուծաբանի` Հայաստանի իշխանական քաղաքական վերնախավը մնացել է մենակ, և դա, ըստ էության, ամենավատ բանն է, որ կարող էր պատահել նրա հետ: «Վիրտուոզ կերպով մաքրելով ընդդիմադիր դաշտը` իշխանությունը տվել է ինքնաոչնչացման ծրագրի մեկնարկը: Ամենայն հավանականությամբ, մրցակցություն կսկսվի բուն համակարգում: Հայ հասարակությանը մնում է միայն հարմար տեղավորվել և հետևել ներկայացմանը, որի ռեժիսոր Սերժ Սարգսյանը համարում է, որ դերասանները խաղալու են բացառապես իր հրամանով:
Շուտով բոլորը կմոռանան կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բնակչությունը կընկնի ձմեռային քնի մեջ` սպասելով գարնանային փոփոխությունների, իսկ կառավարությունը մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածը կծախսի նոր վարկեր ներգրավելու վրա: Ընդ որում, ստեղծված վիճակում Ռուսաստանը, որին Հայաստանի իշխանությունների համար այլընտրանք չկա, երկար կմտածի, թե ինչի դիմաց Հայաստանին տա հերթական վարկը: Իսկ վարկն անհրաժեշտ է օդի պես: Դատարկ բյուջեն լցնելու այլ տարբերակ նոր վարչապետը չունի, եթե անգամ ՀՀԿ–ի անդամ դառնալը նրան դարձնի երիցս կրեատիվ ու համարձակ:
Նախագահը միայն մեկ հաղթաթուղթ ունի՝ ի դեմս քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանի: Բայց այդ նույն հաղթաթուղթը նախագահ Սարգսյանի ձեռամբ արդեն ուժը կորցրել է»,– եզրափակել է պարբերականը:
Պատրաստեց Արփի Սահակյանը