Քաղաքական ամնեզիա կամ ինչու են փորձում ձևավորել կեղծ օրակարգ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԳիտե՞ք, մենք ունենք ազգային մի վատ գիծ, որը կոչվում է չարախնդալ: Երբեմն, ես կասեի շատ հաճախ, մենք հրաժարվում ենք բանականությունից, տուրք ենք տալիս այն միֆին, որը մեզ են մատուցել, ապրում ենք այդ միֆով և չարախնդում:
Իրականում, երբ հետադարձ հայացք ենք նետում և իրավիճակին փորձում ենք սթափ գնահատական տալ` մատուցման միֆերից և մանիպուլիացներից դուրս, տեսնում ենք, որ այդքան էլ իրավացի չենք: Մեղմ ասած` այդքան էլ: Երբեմն` սխալվում ենք չարաչար:
Նույն ճամփաբաժանի առջև կանգնած ենք հիմա: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք ականատես ենք լինում պատմական օրինաչափության: Իշխող կուսակցությունը, որը տիրապետող էր Հայաստանում շուրջ երկու տասնամյակ, զիջում է դիրքերը:
Նրան հակակշիռ ներկայանում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմը, որը, անկախ մեր վերաբերմունքից, այսօր միակ հակակշիռն է ոչ իշխանական դաշտում: Իսկ բոլորովին վերջերս ՀՀԿ-ին լրջագույն հարված հասցրեց Հովիկ Աբրահամյանի դուրս գալն այդ թիմից:
Թե ի՞նչ քաղաքական ճակատագիր կունենա Աբրահամյանն այս գործընթացներից հետո, դա միայն իր որոշելու հարցն է: Բայց դասական փոքրոգիության և քաղաքական իմպոտենտության դրսևորում է այն հանգամանքը, երբ ակնհայտ ուղղորդված կերպով անընդհատ հիշում են 2015 թվականի հայտնի գործընթացները և դրան հաջորդող իրադարձությունները:
2015-ին կար իշխանություն փոխելու քաղաքական կամք: Եթե կուզեք, գործընթացները չհաջողեցին նաև այդ կողքի կրավորականների պատճառով, ովքեր իրենց քաղաքական և քաղաքացիական ինքնաիրացման միակ մեխը համարում են կողքից դիտելը և բավարարման ասպեկտում ծաղրելը: Մեղմ ասած, դա այդքան էլ այդպես չէ` տղաներ և աղջիկներ: Կրավորականությունը, սեփական իրավունքի օտարումը, շարքային միջակությունը և դրանից բխող հետևանքները սպանել են և սպանում են այս հասարակությունը:
Այդ նույն զանգվածը այսօր անընդհատ հիշում է Աբրահամյանի «բամփել» արտահայտությունը` երբևե խորամուխ չլինելով դրա նախապատմության մեջ: Նախ արտահայտությունն առաջին անգամ կիրառել է Հերմինե Նաղդալյանը ` կապված, այսպես ասած, կանոններով չխաղացող գործիչների հետ: Հաջորդիվ, առանց անվանական մոտեցման, իր գործընկերոջը քաղաքական սոլիդարություն հայտնել է Աբրահամյանը, բայց բացարձակ այլ համատեքստում, որը սովորաբար չի ներկայացվում: Ներկայացվում է հակառակ բևեռը` այն կիրառվել է Ծառուկյանի հանդեպ:
Նախ` Աբրահամյանը, լինելով ազդեցիկ գործիչ, որևէ պարտադրանք չուներ և չէր կարող ունենալ իր ընկերոջ և խնամու հանդեպ կիրառելու նման արտահայտություն: Ուստի` մերկապարանոց են դառնում այդ պնդումները: Եվ երկրորդ ու կարևորագույն հանգամանքը: Բոլորը կուրորեն չտեսնելու են տալիս, կամ փորձում են մոռանալ այն հանգամանքը, թե որտեղ, ին՞չ միջավայրում և ի՞նչ գործոնների պարագայում է կայացել Սարգսյան-Ծառուկյան հաշտությունը: Մասնակի ամնեզիայով տառապողների համար փաստենք, որ այն կայացել է Սամվել Կարապետյանի միջնորդությամբ և հենց Հովիկ Աբրահամյանի տանը: Այդ մասին, մամուլում և մեդիայում եղան բավականաչափ հրապարակումներ: Այսքանով ամեն ինչ ասված է։
Բայց բնական է, որ չարախինդները պայմանակորեն այդ հանգամանքը մատնում են մոռացության` հիշելով միայն իրենց հաճո և իրականությունից կտրված դրվագը: Եթե մարդը, անհատը, քաղաքացին, ներկայանում է որպես հասուն արարած և դիտարկումներ ներկայացնելու կենսունակ երևույթ, պարզապես իրավունք չունի զբաղվելու ֆալսիֆիկացիայով և հանրությանը ներկայացնելու այլ իրողություն: Իրողություն, որն առկա է միայն իր ֆանտազիաներում:
Իսկ թե ում է ձեռնատու կրկին շրջանառել կոնտեքստից կտրված ու վաղուց մաշված արտահայտությունները` մնում է միայն ենթադրել:
Արշակ Արշակյան