Ու՞ր է գնում Աբրահամյանը
АНАЛИТИКАՀունվարի 26-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի նիստում, անդրադառնալով կուսակցության շարքերը լքողներին՝ հայտարարեց, որ վերջին մի քանի ամիսներին 11 հազար քաղաքացի անդամագրվել է ՀՀԿ–ին:
Նա թերևս այս խոսքերը ուղղում էր կուսակցությունից հեռացած Աբրահամյանին: ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը կայքերից մեկի հարցմանն ի պատասխան նշում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ իշխող կուսակցության անդամների քանակը կազմում էր 158.406 մարդ:
Համաձայն գրության, ևս մոտ 7000 քաղաքացիների դիմումներ ՀՀԿ տարածքային կազմակերպություններում քննարկման փուլում են: Հանրապետական կուսակցության նույն պաշտոնյայի մեկ այլ՝ թիվ 02-002 գրության համաձայն, 2017 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կուսակցության անդամների քանակը կազմել է 159.301 հոգի, իսկ քննարկման փուլում գտնվող դիմումների քանակը՝ 6000: Այլ կերպ ասած, վերջին շուրջ մեկուկես ամսում ՀՀԿ-ին անդամագրվել է 895 մարդ:
Սա իհարկե, չի կարող մխիթարանք լինել Սարգսյանի համար: Բոլորս էլ հիշում ենք, թե ինչ շռնդալից հայտարարություններով ներկայացվեցին ՀՀԿ անդամակցող 7000 մարդկանց մասին: Սակայն պարզվեց, որ նախ նրանք հիմնականում գազի ոլորտի աշխատակիցներ են, իսկ այժմ էլ պարզվում է, որ դիմումները դեռ քննարկման փուլում են: Այս թվերն անշուշտ բերվում էին նրա համար, որպեսզի ծառայեցնեն ի հակակշիռ Աբրահամյանի ռեսուրսներին: Ռեսուրսներ ՀՀԿ-ում և դրանից դուրս, անշուշտ Աբրահամյանն ունի: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ նրա կուսակցությունը լքելուց հետո, բազմաթիվ գործընկերներ, սկսած մարզպետից վերջացրած գյուղապետերով, ներկայացրել են հրաժարականի դիմում:
Հայաստանն անձերի երկիր է: Կարծում եմ, սա ոչ մեկ չի ժխտի: Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր անդամակցում են այս կամ այն կուսակցությանը, ելնելով գաղափարական մոտեցումներից: Հատկապես, եթե խոսք է գնում իշխող կուսակցության մասին: Այս առումով իհարկե, գաղափարական ինչ-որ եզրաբանություն կա: Դա ընկերական գաղափարաբանությունն է: Այսինքն, Աբրահամյանը ՀՀԿ եկել էր իր թիմով, որն ընթացքում շատացել էր: Հիմա հեռանում է Աբրահամյանը, հեռանում է նաև թիմը: Սակայն, ինչպես ցույց են տալիս մամուլի հրապարակումները և դաշտում տեղի ունեցող գործընթացները, Աբրահամյանը քաղաքականությունից հեռանալու միտք չունի:
Դա բնական է: Ինչու՞ հեռանալ, եթե դեռևս բավականաչափ երիտասարդ ես, ունես լուրջ քաղաքական կշիռ և ռեսուրսներ: Բոլորին թերևս տանջում է այն հարցը, թե ո՞ր դաշտում է ի վերջո տեղ զբաղեցնելու Աբրահամյանը:
Ի սկզբանե բացառենք արմատական ընդդիմության հետ համագործակցությունը; որովհետև Աբրահամյանի տրամադրության տակ է իշխանական ռեսուրսի պատկառելի մի մասը: Մյուս կողմը` Օհանյան-Օսկանյան, նույնպես կարող ենք գրեթե բացառել, քանի որ այդ ուժի ունեցած կշիռը չի կարող համապատասխանել Աբրահամյանի կոլիբրի գործչի հավակնություններին: Մնում է երրորդ կողմը` Ծառուկյանի դաշինքը: Թերևս այս դաշինքի հետ էլ կլինի ամենատրամաբանական միավորումը: Նախ պետք է հաշվի առնել, որ այնտեղ հիմնականում կենտրոնացած են լուրջ ռեսուրսների և հմտությունների տեր ուժեր, որոնց շարքին է պատկանում նաև Աբրահամյանը, և հետո չպետք է մոռանալ նրանց բարեկամական-խնամիական կապը և երրորդ` որևէ մեկը չի մոռացել Աբրահամյանի դերակատարումը Սարգսյան-Ծառուկյան հակասությունների կարգավորման հարցում:
Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնում, ուստի այս հարցադրումներն իրենց պատասխանները կստանան մոտ ժամանակներս, առավել ևս, որ նույն հրապարակումների համաձայն, Աբրահամյանը ձեռքերը ծալած չի նստել և ինտենսիվ քննարկումների ու բանակացությունների մեջ է:
Արշակ Արշակյան