Երևանում սիրո տոնը համերգաշատ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայպետֆիլհարմոնիային, որպես համերգային կազմակերպություն, Մշակույթի նախարարության կողմից հանձնարարվել է սիրո տոների առթիվ միջոցառումներ կազմակերպել Երևանի տարբեր հրապարակներում: Համերգները, բնականաբար, անվճար են, նպատակը մեկն է` բարձրացնել երևանյան տրամադրությունը, օրն իսկական տոն դարձնել մեր քաղաքացիների համար:
Այս մասին Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլհարմոնիայի հանրային կապերի պատասխանատու Նելլի Ավետիսյանը:
Մեր զրուցակցի խոսքով` համերգների կազմակերպիչները փորձել են ներառել տարբեր ժանրերի ծրագրեր, որպեսզի հանրությունը ընտրության լայն հնարավորություն ունենա:
«Միջոցառումների ժամերի, հարթակների և խմբերի մասին ինֆորմացիան զետեղված է մշակույթի նախարարության կայքում և ֆիլհարմոնիայի էջում, այնպես որ` համեցեք, Երևանում սիրո տոնը համերգաշատ է լինելու»,- ասաց Նելլին:
Մեր հարցին` ի՞նչ անսամբլներ և մենակատարներ են ներառված մեր զրուցակիցն ասաց. «Հայկական Ֆոլկլորային երաժշտության համույթը, «Մարաթուկ»-ը, «Ակունք»-ը, ազգային փոքրամասնություններն` իրենց խմբերով, մենակատարներ՝ Գևորգ Սիրեկանյանը, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Էլինար Ավետիսյանը և այլք»:
Գլխավոր միջոցառումը Ազատության հրապարակում է` փետրվարի 11-ին, ժամը 17:00-ին:
Լևոն Փանոսյան