Մարտակերտում վիրավորված զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Արամ Ասատուրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին երեկ վիրահատել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ գնդապետ Արամ Ասատուրյանը։
«Գլխի վիրահատություն է իրականացվել, բավականին լուրջ վնասվածք է ստացել, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,- մանրամասնեց նա։
Նշենք, որ զինծառայողը երեկ Մարտակերտի հիվանդանոցից տեղափոխվել էր Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալ։
Հիշեցնենք, որ Կորյուն Կիրակոսյանը ծանր վիրավորում է ստացել փետրվարի 8-ին հակառակորդի կողմից Մարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։
Նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: