Հայաստանը շվեյցարական ընկերությունների համար ներդրումային ներուժ ունեցող երկիր է. դեսպան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեյցարիան մնում է Հայաստանում ամենաշատ ներդրում կատարող թոփ 20 երկրների ցանկում: 2015 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շվեյցարիան Հայաստանում կատարել է 90 մլն դոլարի ներդրում: Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը փետրվարի 10-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ ցուցանիշները կարող են տարեցտարի փոփոխվել:
«2016 թվականը բավականին բազմաբովանդակ տարի էր՝ լուրջ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացման, վիզայի ռեժիմի դյուրացման տեսանկյունից: Վերջերս վարչապետի հետ ունեցած հանդիպումը լավ հնարավորություն էր՝ քննարկելու հայ-շվեյցարական հարաբերությունների ներկայիս վիճակը, տնտեսական համագործակցությունը, ներդրումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում Շվեյցարիայի համար պոտենցիալ ներդրումներ կատարելու ոլորտներից են ժամագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը եւ այլն: «Մենք խորացնում ենք մեր ֆինանսական սեկտորների միջեւ հարաբերություները: Այստեղ կա լոլիկ, մեղր, ծիրան, իշխան ձուկ, որոնց կարիքը կա շվեյցարական սուպերմարքեթներում, եւ պետք է այս ուղղությամբ աշխատել»,-նշեց Գասերը:
Լուկաս Գասերի կարծիքով՝ թեպետ Հայաստանը շվեյցարական ընկերությունների համար ներդրումային ներուժ ունեցող երկիր է, այնուամենայնիվ, ունի իր ներուժը միջազգային շուկայում պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր:
«Շվեյցարիան շատ երկար ժամանակ կայունություն է ունեցել, այդ իսկ պատճառով տնտեսական լավ գործընկեր է: Կարող եմ ասել, որ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում հասել է կայունացման ողջամիտ մակարդակի, սակայն այստեղ խնդիրը դա ցույց տալն է, ներդրողների համար ավելի տեսանելի եւ ճանաչելի դառնալու ուղղությամբ աշխատելն է»,-եզրափակեց դեսպանը: