После обеда горчицы не надо
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱլեքսանդր Լապշինին արդեն Բելառուսն արտահանձնեց Ադրբեջանին: Հասկանալի է, թե դա ինչ է նշանակում յուրաքանչյուր հայի համար: Էլ չենք խոսում Ղարաբաղում ապրող հայի մասին:
Այս առթիվ իրենց զայրույթն ու տարակուսանքն են հայտնում տարբեր մարդիկ: Իսկ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանն այսպես անդրադարձավ խնդրին:
«Ես ոտքից գլուխ զայրացած եմ Լապշինին Ադրբեջանին հանձնելու փաստից: Նշանակում է` մերոնք բոլորը քնած են ու ոչինչ չեն անում: Եթե այդ մարդուն տարան հանձնեցին Ադրբեջանին, որովհետև Ղարաբաղ էր գնացել, ու մենք ոչինչ չկարողացանք անել դրա դեմն առնելու համար, նշանակում է այսուհետև արգելափակվելու է Ղարաբաղի ճանապարհը: Որևէ լրագրող, մարդ, ով կարող է աշխարհին ներկայացնել այսօրվա Ղարաբաղը և այնտեղի իրավիճակը, այլևս չի կարող դա անել:
Լավ, մերոնք չկարողացա՞ն որևէ բան անել, թե՞ չցանկացան անել, չեմ հասկանում»,– զայրացավ ժողովրդական նկարիչը:
Տեղեկացանք, որ երեկ, երբ Լապշինը ադրբեջանական «հյուրընկալության» մեջ էր այլևս, մեր Ազգային ժողովի պատգամավորները նոր արդեն գլուխները բարձրացրին իրենց կարևոր գործից` նախընտրական պատրաստություններից, կռիվ–ղալմաղալից, տալ–առնելուց ու հիշեցին Ղարաբաղն ու Լապշինին:
Բոցաշունչ ելույթներ ունեցան համարյա բոլոր խմբակցություններից, դատապարտեցին ու անարգանքի սյունին գամեցին Բելառուսին էլ, Ադրբեջանին էլ: Նաև բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև: Բայց` էլ ի՞նչ. ամեն բան վերջացավ: Էլ որ ձեր մկանները թափ եք տալիս, որ` ի՞նչ: Ախր` после обеда горчицы не надо.
Գոհար Սարդարյան