Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են Լապշինին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Բելառուսից արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` Իսրայելի դեսպանատան կողմից Ադրբեջանի ԱԳՆ ուղարկած դիմումի հիման վրա:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: