Ֆինանսների նախարարությունում անցկացվեց տեղեկատվական անվտանգության իրազեկման սեմինար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ «Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուրը տեղեկատվական անվտանգության մասին» խորագրով սեմինար, որը վարում էր ՏՏ աուդիտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Թաիրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սեմինարը մեկնարկել է փետրվարի 4-ին և կանցկացվի յուրաքանչյուր շաբաթ՝ մինչև փետրվարի 25-ը:
Ժամանակակից հասարակության կյանքի ոչ մի ոլորտ չի կարող գործել առանց զարգացած տեղեկատվական ենթակառուցվածքների: Տեղեկատվական անվտանգությունը հանդիսանում է ազգային անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը, որի դերը և նշանակությունը մշտապես աճում են: Ազգային տեղեկատվական ռեսուրսները ժամանակակից պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախադրյալներն են:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման կարևորությունը`սեմինարի նպատակն է գերատեսչության աշխատակազմին ծանոթացնել կիբեռ անվտանգության ոլորտում հնարավոր մարտահրավերներին, ներքին և արտաքին վտանգներին, դրանցից զերծ մնալու համապատասխան միջոցներին: