Իմ ուժերն ավելի արդյունավետ կարող եմ օգտագործել փորձագիտական ոլորտում. Լ. Ալավերդյանն ընտրություններին չի մասնակցի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև տարբեր քաղաքական ուժերից հրավեր է ստացել ընդգրկվել ցուցակում և մասնակցել ընտրություններին, բայց մերժել է, քանի որ գտնում է իր ուժերն ավելի արդյունավետ կարող է օգտագործել փորձագիտական, մանկավարժական և հասարակական ոլորտում, քան թե քաղաքական դաշտում: Նա չցանկացավ հայտնել, որ ուժերից է հրավեր ստացել. «Եթե ասեմ, կստացվի, որ ես գլուխ եմ գովում, որ առաջարկել են, ես էլ մերժել եմ»:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող գործընթացներին, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորն ասաց, որ ցավով է վերաբերում դրանց: «Ես պատիվ եմ համարում խմբակցության հետ իմ հինգ տարվա աշխատանքը, քանի որ այդքան տարբեր մարդիկ, տարբեր ունակություններ ունեցող, կարողացան թիմ դառնալ: Հայաստանի պայմաններում թիմ ստեղծելը դա հրաշքին հավասար բան է: Ափսոսում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ այդ հրաշքը պահպանել»,-ասաց նա և նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծեց այդ թիմը և ինքն էլ քանդեց, ինչի համար շատ ափսոսում է:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ժամանակին հենց Րաֆֆի Հովհաննիսյանի խնդրանքով է համաձայնել ցուցակում ընդգրկվել: «Ցավոք սրտի, հետագայում քայլ առ քայլ սխալ առ սխալ այն ուժը, որն իրապես նոր մշակույթ էր բերում քաղաքական դաշտ, փոշիացվեց»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե որ քաղաքական ուժին է ներկայումս համակրում, նա ասաց, որ շատ է ցանկանում, որ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը դառնան պատգամավոր, շատ հարգում է Արամ Գասպարի Սարգսյանին, Արամ Զավենի Սարգսյանին, սակայն Արցախի վերաբերյալ իր տեակետներին վերապահումով է վերաբերվում, շատ է հավանում «Ելքի» երիտասարդներին, չնայած կարծում է, որ նրանք ներկայումս վճռորոշ գործոն չեն, և ոչ էլ հավակնում են լինել այդպիսին։