Կասեն Մալաթիայում՝ այնտեղ կդնեմ, կասեն Կենտրոնում՝ այնտեղ կառաջադրվեմ. Անահիտ Բախշյան
SOCIETYԱպրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրվող Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ռեյտինգայինով կառաջադրվի Մալաթիա՞, թե՞ Կենտրոն համայնքներում: «Ցուցակի անդամների ներգրավվածությունը շատ կարևոր է ինձ համար, թե ովքեր են լինելու»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանը նշեց, որ որոշման ձգձգումը պայմանավորված է տարբեր տեխնիկական հանգամանքներով և Ընտրական օրենսգրքով: Նա բացատրեց, որ ամեն քայլափոխի ինչ-որ խոչընդոտ կամ ինչ-որ հարց է առաջանում, որը լուծելու համար ժամանակ է պետք:
«Առաջին անգամ է այս Ընտրական օրենսգրքով ընտրությունները կազմակերպվում, և մեխանիզմները, գործողությունները դեռ այնքան էլ պարզ չեն, ինչի պատճառով ցայտոտնային վիճակ է: Ինձ համար կարևոր է լինելու, որ ճիշտ ռազմավարություն ընտրվի, և այդ ուղղությամբ աշխատում են: Կասեն Մալաթիայում՝ այնտեղ կդնեմ, կասեն Կենտրոնում՝ այնտեղ կառաջադրվեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է պատկերացնում մրցակցությունը մասնավորապես Մալաթիայում Սամվել Ալեքսանյանի, կամ Հեղինե Բիշարյանի հետ, նա ասաց.«Իրենք էլ թող մտածեն, որ Անահիտ Բախշյանի դեմ են մրցելու»:
Անահիտ Բախշյանը նաև նշեց, որ կողմնակից է քաղաքակիրթ մրցակցության, որտեղ ոչ մի տգեղ բան չի ասելու՝ ոչ մեկի հասցեին, և ինքն էլ չի ցանկանում լսել նույնը՝ իր հասցեին: «Այդ ոճի, բովանդակության պայքարի մեջ չեմ մտնելու, սակայն շատ լուրջհակահարված կստանա նա, ով կփորձի բառապաշարը իրենց թաղի մակարդակի իջեցնել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջադրվելուն, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ այս պահին դեռ որոշում չկա, դեռ քննարկումների ընթացքում է: