Նոր զարգացումներ Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով. կրկնակի փորձաքննություն է նշանակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործի առանձնացված մասով կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:
Առաջին փորձաքննությամբ, բժիշկների կողմից թերություններ եւ բացթողումներ են արձանագրվել: Այժմ նախաքննական մարմինը որոշում է կայացրել կրկնակի փորձաքննություն նշանակել: Կողմերն արդեն իսկ ստացել են որոշումը: Առաջիկայում առողջապահության նախարարությունը փորձագետների նոր կազմը կներկայացնի:
Ի դեպ, եւ առաջին, եւ կրկնակի փորձաքննության նպատակն է պարզել` արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն ծննդատան վարիչ Աշոտ Սիրունյանը, տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ին հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործից մի մասն արդեն առանձնացվել եւ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Կա երկու մեղադրյալ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ, հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանն ու հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանը: