Դելիի ոստիկանությունը գտել է Նոբելյան մրցանակի գողացված վկայականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոբելյան խաղաղության մրցանակի վկայականը, որը գողացել էին հնդիկ իրավապաշտպան և նոբելյան մրցանակի դափնեկիր Կայլաշ Սաթյարթհիի տանից, գտնվել է: BBC-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է Դելիի ոստիկանությունը:
Հաղորդագրության համաձայն` հաջողվել է վերադարձնել նաև մրցանակի կրկնօրինակը, որը դափնեկիրներին հանձնում են Ստոկհոլմում մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև Սաթյարթհիի տանից գողացված մի շարք թանկարժեք իրեր: Նշվում է, որ երեք կասկածյալի են ձերբակալել:
Կայլաշ Սաթյարթհին Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր է դարձել 2014 թվականին` պակիստանցի պատանի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի հետ միասին: Հնդիկին մրցանակը շնորհվել է Հնդկաստանում երեխաների առևանգումների և շահագործման դեմ պայքարի համար:
63-ամյա իրավապաշտպանը հանդիսանում է «Փրկենք մանկությունը» շարժման հիմնադիրը, որը պայքարում է երեխաների իրավունքների խախտման և ստրկության դեմ: