Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդի առողջական վիճակը ծանր է, մյուս տուժողը գլխուղեղի ցնցում է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացին` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Վթարից տուժածներն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «МАН» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: