Կառավարությունը լուծարեց մեկ աշխատող ունեցող պետական ընկերությունը
Կառավարությունը որոշում կայացրեց լուծարել «Վայոց ձոր առսպաս» փակ բաժնետիրական ընկերությունը: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ «Վայոց ձոր առսպաս» ՓԲԸ-ի հիմնական գործունեության ոլորտն է եղել բնակչությանը կենցաղային սպասարկման ծառայություններ մատուցելը:
«Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման է ներկայացվել մեկ անգամ աճուրդով` ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի համապատասխան որոշմամբ: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով», - ասաց Մարկոսյանը՝ ավելացնելով, որ 2014-ին ընկերության տարածքները ներկայացվել են աճուրդով վաճառքի, որոնք նույնպես չեն կայացել:
2015-ին սահմանված կարգով շենքի 3-րդ հարկի 45.13 քմ տարածքն օտարվել է: Սկսած 2005թ-ից՝ ընկերությունը գործունեություն չի ծավալում, ունի մեկ աշխատող՝ տնօրեն: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել էր գույքագրել պետական ընկերությունները, որոնք գործում են վնասով և ներկայացնել մասնավորեցման ծրագիր: