Կառավարության աշխատակազմում ստեղծվում է զորահավաքային նախապատրաստության բաժին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծվելու է Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության համանման գործառույթներով նոր բաժին: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի նիստում: «Նպատակահարմար է համարվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին ստեղծել», - ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ նշված վարչությունը, հանդիսանալով նախարարության զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին:
Հարությունյանը նշեց, որ հաշվի առնելով վերջին տարիներին պետական մարմիններում զորահավաքային մարմինների ստեղծման և զորահավաքային գործընթացների ակտիվության արդյունքում երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների բարելավման գործընթացը և դրա կատարելագործման անհրաժեշտությունը` շահագրգիռ մարմինների (այդ թվում՝ նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի գլխավոր ռազմական տեսչության) հետ քննարկումների արդյունքում որոշվել է առավել ակտիվ գործունեություն իրականացնել զորահավաքային մարմինների կողմից:
Դրանց համակարգման և օժանդակման համար, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության քաղաքականության մշակման և դրան հարակից խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի 6 անդամից բաղկացած բաժին: