Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մշակույթի նախարարություններից, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեից, ՀՀ կենտրոնական բանկից, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից և Հայաստանի զարգացման հիմնադրամից, տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առաջին հանդիպման ընթացքում ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է զբոսաշրջային ծրագրերի փաթեթը: Քննարկվել են ծրագրերի ներդրումային գրավչության ու տնտեսական հավանական արդյունքին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում որոշվել է ընտրել շուրջ հինգ առավել գրավիչ և իրատեսական ծրագիր, ներկայացնել դրանք համապատասխան գերատեսչությունների ուսումնասիրությանը, որից հետո կազմել ներդրումային ծրագիր:
Զարմինե Զեյթունցյանի առաջարկությամբ, հանդիպումներն ունենալու են շարունակական բնույթ:
Զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ ստեղծելու նպատակներից է քննարկել և առավելագույն ջանքեր գործադրել իրատեսական առաջարկները պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ: