Երևանի ոսկերչական գործարանը նոր տնօրեն ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական գույքի կառավարման վարչությունում փետրվարի 17-ին գումարվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր տնօրեն նշանակելու հարց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԳԿՎ-ի լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում որոշում է ընդունվել տնօրենին` Գագիկ Կաֆյանին, ազատել զբաղեցրած պաշտոնից, Անդրանիկ Ադամյանին 1 տարի ժամկետով նշանակել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Միաժամանակ, նորանշանակ տնօրենին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում իրականացնել ընկերության փաստաթղթերի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ և ներկայացնել ընկերության գործարար ծրագիր:
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են Պետական գույքի կառավարման վարչությանը: Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում էր ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: