Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում ներառված են 1539 թեկնածու
POLITICSԱզգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ներառված է 1539 թեկնածու: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Տարածքային ցուցակներով Ազգային ժողովի ընտրություններին բոլոր քաղաքական ուժերից, ընդհանուր առմամբ, կմասնակցի 1191 թեկնածու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:
Տարածքային ընտրական ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, իսկ ամենաքիչը` Տավուշի և Արագածոտնի մարզերում: Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 110 թեկնածու, իսկ Տավուշի և Արագածոտնի մարզերում` 60:
Նա հավելեց, որ առաջիկա 10 օրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին ծավալուն աշխատանք ունի իրականացնելու, քանի որ պետք է այդ ընթացքում ավարտին հասցվի ընտրություններին մասնակցելու հայ ներկայացրած կուսակցությունների գրանցման գործընթացը: «Բավականին լուրջ աշխատանք ունենք իրականացնելու, քանի որ պետք է ոչ միայն ուսումնասիրենք բոլոր ուժերի ներկայացրած առաջադրման փաստաթղթերը, այլ ստուգենք ցուցակներում ներառված բոլոր անձանց տվյալները»,-եզրափակեց Մուկուչյանը:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 5 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: Ապրիլի 2-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ-ն, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» և Կոնգրես-ՀԺԿ դաշինքները: