Դավիթ Հարությունյանը հորդորում է ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում դիմել իրավապահներին
SOCIETYՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը քաղաքացիներին հորդորում է ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում դիմում ներկայացնել ոստիկանություն: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով դիտարկմանը, թե արդեն խոսակցություններ կան ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, Հարությունյանն ընդգծեց, որ սովորաբար կաշառք մեկը տալիս է, մյուսը` վերցնում, իսկ նման դեպքերում, որքան էլ ոստիկաությունն ուշադիր լինի, չի կարող ներխուժել երկու անձի հարաբերությունների մեջ, եթե նրանցից մեկը դիմում չի ներկայացնում:
«Խոսակցություններ միշտ ու ամեն ինչի մասին կարող են լինել, բայց անհրաժեշտ է դիմում: Երբ երկու մարդ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, անհրաժեշտ է, որ նրանցից մեկն այդ մասին ահազանգի: Որքան էլ ոստիկանությունը ուշադիր լինի, չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե նրանցից որևէ մեկը դիմում չի ներկայացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դավիթ Հարությունյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ օրենքով սահմանված է, որ ընտրակաշառք ստացողը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, եթե ինքն է այդ մասին ահազանգում ու աջակցում է բացահայտմանը: «Այսինքն, մարդիկ այստեղ մտահոգվելու տեղ չունեն, ուղղակի նրանք պետք է լինեն ավելի ակտիվ: Իսկ լրատվամիջոցները, ողջ հանրությունը, կուսակցությունները, այդ թվում նաև մենք, բնականաբար պետք է ձեռնամուխ լինենք այդ աշխատանքին, որպեսզի բոլոր ընտրողները նման դեպքերում անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին»,- եզրափակեց Հարությունյանը: