Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող անձ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Իզմիրի նահանգի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ազգային հետախուզության հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող անձի:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Թուրքական ոստիկանության պնդմամբ` ձերբակալված անձը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ է, և Իզմիր էր եկել լրտեսություն իրականացնելու և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:
Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հատուկ գործողություններ էր իրականացվել նաև փետրվարի 14-ին :
Գործողություններն ընթացել էին Անկարայում, Վանում, Մուշում, Աղրընում, Ադանայում, Անթալիայում և այլն: Ձերբակալվել էր 86 մարդ:
Փետրվարի 13-ին նման գործողություն էր իրականացվել Ստամբուլում` 104 հասցեում: Ձերբակալվել էր 70 մարդ: Մի շարք հասցեներից ձեռք էին բերվել զենք ու զինամթերք:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: