Ամփոփվեցին Պատանի լրագրողների մրցույթի արդյունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմփոփվեցին Պատանի լրագրողների մրցույթի արդյունքները: Լրագրողական մրցույթն անցկացվել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի և «ՀայՄեդիա.am» լրատվական կայքի կողմից «Սուրբ Սարգիս. Սիրո ուժն է անհաղթը» խորագրի ներքո:
Այն մեկնարկել է 2017 թվականի հունվարի 25-ին: Լրագրողական մրցույթին մասնակցել են Երևանի, Հայաստանի մարզերի և Արցախի պատանի լրագրողները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ՀայՄեդիա.am» լրատվական կայքի «Պատանի լրագրող» նախագծի պատասխանատու Գոհար Ավետիսյանը նշեց, որ մրցույթն անցկացվել է երեք անվանակարգով` «Լավագույն պատմություն», «Լավագույն մուլտիմեդիա նյութ», և «Ընթերցողի համակրանք»:
«Առաջին երկու անվանակարգերում հաղթողներին որոշել է «ՀայՄեդիա.am»-ի և Արարատյան Հայրապետական թեմի ընդհանուր հանձնաժողովը, իսկ «Ընթերցողի համակրանք» անվանակարգում լավագույնը ճանաչվել է այն նյութը, որն ամենաշատն է դիտվել և տարածվել սոցիալական ցանցերում»,-ասաց Գոհար Ավետիսյանը:
«Լավագույն մուլտիմեդիա նյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անահիտ Բադալյանը: «Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Միլենա Բաղդասարյանը: «Ընթերցողի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մանե Մինասյանը: Հրապարակումները վերաբերել են Սուրբ Սարգսի տոնին, ներկայացվել են հետաքրքիր պատմություններ: Գոհար Ավետիսյանը հաղթողներին փոխանցեց պատվոգրեր և նվերներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը, կարևորելով այս մրցույթի անցկացումը, նշեց, որ ակնկալիքներն արդարացվել են:
«Սա ստացված նախաձեռնություններից մեկն է, այդ մասին վկայում է մասնակիցների ակտիվությունը, նյութերի բովանդակությունը: Արդյունքները մեր սպասելիքներից էլ ավելին են, հուսամ, այս համատեղ ծրագիրը կդառնա ավանդույթ»,-ասաց նա:
Սուրբ Սարգսի տոնի հետ կապված «Պատանի լրագրող» մրցույթը միակը չէ, դրանից բացի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Շատ եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ, անցկացվել են ժողովրդական տոնախմբություններ: Դրանց զուգահեռ կազմակերպվել է զինվորների պարգևատրման արարողություն, անցկացվել է տոնական միջոցառում Սիրահարների այգում: Այդ ամենից բացի, համատեղ նախագիծ է իրականացվել «Բուկինիստ» գրախանութի հետ, որը մեծ արձագանք է գտել երիտասարդների շրջանում: