Պոպուլիզմը և մենք. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես և սպասվում էր, հայաստանյան մեդիան և հեռուստաալիքները հեղեղված են նախընտրական շրջանի լուրերով, քննարկումներով և հեռուստաբանավեճերով։ Ըստ էության սա հասկանալի է, քանի որ այս շրջանում հասարակական հետաքրքրությունների շրջանակն առավելապես նախընտրական է։
Սակայն վերջերս հանդիպած մի շարք հեռուստաբանավեճերում և քննարկումներում ակնհայտորեն դրսևորվում են շեշտադրումներ, որոնք առավելապես սրանալու են արդեն քարոզչության պաշտոնական մեկնարկից հետո։ Այդ շեշտադրումները, սակայն, առանձնապես հուսադրող չեն, քանի որ մի կողմից ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները անխնա պայքար են սկսում միմյանց դեմ, մյուս կողմից՝ իշխանության կամ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը առայժմ սահմանափակված է տրաֆարետային հայտարարություններով ու վերացական մեղադրանքներով։ Հերթական անգամ ասպարեզում են հայտնվում «թալանչի, ավազակ, կաշառակեր իշխանություն» և նմանօրինակ ձևակերպումները, որոնք, բնականաբար, չեն կարող հիմք հանդիսանալ առողջ քաղաքական բանավեճի կամ քննարկման համար։
Այս իրավիճակը վկայում է նաև այն մասին, որ առաջիկա խորհրդարանում ներկայացված լինելու կամ մեծամասնություն ստանալուն հավակնող քաղաքական ուժերը մեծ հաշվով հստակ պատկերացում չունեն իրենց հետագա քայլերի մասին, չունեն պրագմատիկ ծրագիր, հետևաբար նաև ցանկության դեպքում անգամ չեն կարող ձևավորել մաքուր քաղաքական բանավեճի նախադեպ։
Մյուս կողմից այս իրավիճակը բերում է նրան, որ հասարակությունը, կամա թե ակամա, ստիպված է լինելու ընտրություն կատարել պոպուլիզմի և պոպուլիզմի միջև, այլ կերպ ասած՝ քաղաքացու ընտրության հնարավորությունը նույնպես սահմանափակվում է, ավելին՝ սահմանափակվում է նաև ընտրողի պատկերացումը քաղաքական բանավեճի վերաբերյալ։ Այս տեսանկյունից պետք է խոստովանենք, որ հանրությունն այս դեպքում սպառող է և սպառում է այն ինֆորմացիան, որը նրան տրվում է քաղաքական դաշտից։ Եթե այդ ինֆորմացիան հիմնականում պոպուլիստական հայտարարություններն են կամ մեղադրանքները իշխանության հասցեին, ապա հանրային ընկալումը նույնպես դառնում է այդպիսին, իսկ պրագմատիկ և վերլուծական մոտեցումը հետին պլան է մղվում։
Սա պետք է նշել, որ մշտապես էլ հայկական քաղաքական դաշտի խնդիրն է եղել, սակայն այդ խնդրի պահպանումն ու խորացումը պառլամենտական կառավարման համակարգում շատ ավելի վտանգավոր է դառնում, քանի որ, ըստ էության, հայաստանյան հասարակությունը այլևս հոգնել է դատարկ խոստումներից և մեղադրանքներից, որոնք այդպես էլ որևէ հետևանք չեն ունենում և, բնականաբար, զրկվում են որևէ արժեքից։
Անշուշտ պատկերը փոքր–ինչ այլ է ռեյտինգային թեկնածուների պարագայում, քանի որ այստեղ գործում են մի փոքր այլ խաղի կանոններ։ Ռեյտինգային թեկնածուների պարագայում (խոսքը չի վերաբերվում հայտնի օդիոզ դեմքերին, որոնք հայտնի միջոցներով են ստանում իրենց քվեները) տեղացի ընտրողները շատ թե քիչ ճանաչում են թեկնածուներին, ծանոթ են նրանց գործունեությանը, ինչպես նաև առկա են որոշակի սոցիալական կապեր և հարաբերություններ՝ ընկերություն, բարեկամություն և այլն։
Հասկանալի է, որ այս դեպքում նույնպես չեն աշխատում տարատեսակ քաղաքական կամ քաղաքագիտական տեխնոլոգիաներ և մեխանիզմներ, այս պարագայում արդեն փոքր–ինչ նվազում է նաև պոպուլիզմի տարրը, քանի որ մի բան է, երբ քաղաքական ուժը կամ նրա ներկայացուցիչները հանդես են գալիս վերացական հայտարարություններով, մեկ այլ բան՝ երբ առկա է ռեալ ռեյտինգային թեկնածու, որին ընտրողը ուղղակիորեն ճանաչում է, գիտի և գնահատում է նրա խոստումների կամ ծրագրի իրատեսությունն ու հավանականությունը։
Դրական է նման իրավիճակը պառլամենտարիզմի տեսանկյունից, թե՝ ոչ, դժվար է ասել, քանի որ սա բոլորովին այլ դիտարկման թեմա է։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: