Հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերին. ՀՀ ԱԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել այսօրԱդրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի հարձակումների առնչությամբ։
«Հակառակ միջազգային հանրության կոչերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջների, անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։
Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։
Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: