«Stand up-ը Հայաստանում ապագա ունի». Հովհաննես Դավթյան
ЛАЙФExclusive
Past.am-ի զրուցակիցը սիրված դերասան Հովհաննես Դավթյանն է, ով վերջերս ավելի շատ հանդես է գալիս Stand up ժանրում:
- Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք Ձեր ուժերը Stand up-ի ոլորտում փորձել:
- Ես թատրոնի և կինոյի դերասան եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը: Եթե առաջնորդվեի շահութաբեր լինելու նախապայմանով, ընդհանրապես այս մասնագիտությունը չէի ընտրի, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դերասանի մասնագիտության մեջ այդքան մեծ շահույթներ ու գումարներ չկան, մանավանդ՝ մեր երկրում:
Ինչ մնում է Stand up-ին, չեմ ասի կողքից, դա նույնպես ինձ համար առաջնային է, ես մոնոներկայացումներ եմ բեմադրում ու ներկայացնում թատրոններում կամ ակումբներում՝ ակումբային ձևաչափով:
- Ինչքանո՞վ եք Stand up-ը կապում դերասանի մասնագիտության և, առհասարակ, կարևորու՞մ եք դերասանի մասնագիտությունը՝ այդ ժանրում հանդես գալու համար:
- Կարծում եմ՝ դերասան լինելը պարտադիր չէ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ աշխարհում շատ շնորհալի ստենդափերներ կան, ովքեր դերասան չեն: Ինչքանով հասցրել եմ հասկանալ, Stand up-ը ժանր է, որտեղ մարդ կարող է դուրս գալ և խոսել պրոբլեմների մասին, բայց իր խոսքն անպայման համեմելով հումորով, որպեսզի դա լինի ծիծաղելի և հետաքրքիր: Հետևաբար չեմ կարծում, որ դրա համար պարտադիր է դերասան լինել: Այնքանով, որ դու նույն մարդն ես, ինչ-որ նմանություն կարող է լինել խոսքի կամ մոտեցման մեջ: Այ, գեղարվեստական ֆիլմերի, թատրոնի ներկայացման ժամանակ լրիվ այլ է. բնականաբար, այստեղ պանաջվում է դերասանի վարպետություն և Stand up-ի հետ ինչ-որ նմանություններ գտնելն արդեն դժվար է:
- Վերջերս, կարծես, այս ժանրով ավելի հաճախ են ներկայացումներ լինում: Ի՞նչ եք կարծում՝ Stand up-ը Հայաստանում ապագա ունի՞:
- Ցավոք, ժանրն այսքան ժամանակ թերի զարգացած է եղել մեր երկրում ու շատ շատերը, մանավանդ ավագ սերնդի ներկայացուցիչները, նույնիսկ չգիտեն՝ ինչի մասին է այն: Բայց երիտասարդները, կարծես, լավ տեղեկացված են ու գնալով ավելի են խորացնում իրենց գիտելիքները՝ ինտերնետի շնորհիվ: Ապագա տեսնում եմ, քանի որ շատ շնորհալի երիտասարդներ կան: Որակական առումով ոչինչ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա՝ ով ինչ հաջողությունների կհասնի:
- Առաջիկայում ի՞նչ ներկայացումներ եք ունենալու:
- Քանի որ շուտով մեկնարկում է կանանց միամսյակը, նրանց է նվիրված իմ ներկայացումը՝ «Խառը կանացին»: Ներկայացում կլինի Լոֆթ-ում, մի քանի այլ ակումբներում, ինչպես նաև՝ Վանաձորում: Իսկ արդեն միամսյակի ավարտին՝ Տիկնիկային թատրոնում, որպես աչքալուսանք տղամարդկանց, երկու ներկայացում կլինի ու կամփոփենք այդ թեման: Արդեն մայիսին, եթե որևէ բան չխանգարի, նոր ներկայացում կլինի, որի աշխատանքներն արդեն վերջնական փուլում են:
- Այնուամենայնիվ, դերասանի կարիերային վերադառնալու մտադրություն ունե՞ք:
- Իսկ Դուք կարծում եք՝ ժամուկես տևողությամբ ներկայացում խաղալը դերասանական գործունեությունից դու՞րս է: Stand up կարդալիս ես համարում եմ, որ մի ամբողջ ներկայացում եմ խաղում: Հիմա հաղորդում ենք պատրաստում, էլի Stand up-ի ժանրով, որն ապրիլի 7-ին արդեն Armenia Premium-ով եթեր կմտնի: Երբ դա արդեն հունի մեջ ընկնի, ինչ-որ հետաքրքիր առաջարկ լինելու դեպքում ես կընդունեմ: Բայց առայժմ առաջարկ չկա, հետևաբար՝ նաև մտադրություն:
Մարիամ Նալբանդյան