Ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքում է խմելու ջուր գնող համայնքների ջրամատակարարման խնդրին
ОБЩЕСТВОՎերջին տարիներին Հայաստանի ջրային բնագավառում լուրջ բարեփոխումներ են իրականացվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը կարևոր քայլ համարեց խմելու ջրի ոլորտում կառավարման գործընթացի փոփոխությունը:
«Նախկինում եթե մենք ունեինք վարձված կառավարիչ, որը կառավարում էր խմելու ջրամատակարարման համակարգ, ապա այսօր մենք ունենք մեկ միասնական վարձակալ, որը 15 տարի ժամկետով վարձակալության է վերցրել Հայաստանի խմելու ջրամատակարարման համակարգը : Դա «Վիոլա ջուր» ընկերությունն է: Այն զգալի աշխատանք է կատարելու խմելու ջրի ոլորտում»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը:
Լրագրողների այն հարցադրմանը, թե մինչ այժմ կան մի շարք համայնքներ, որտեղ բնակիչները ստիպված խմելու ջուրը գնում են, Վոլոդյա Նարիմանյանը նշեց, որ տեղյակ է խնդրին:
«Վիոլա ջուր» ընկերության հետ կնքած համաձայնագրում կա մի կետ, ըստ որի, պետք է ընդարձակվեն իր սպասարկման տարածքները: Այսօր ընկերությունը սպասարկում է 40 քաղաք, 350 գյուղական բնակավայր: Առաջիկայում ընկերությունը կընդլայնի իր սպասարկման տարածքները, ինչի արդյունքում ահա ձեր նշած համայնքները կներառվեն ընկերության սպասարկման տարածք: Այդ ժամանակ էլ կապահովվի խմելու ջրի մատակարարումը»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը:
Թե ինչ մոտավոր ժամկետների մասին է խոսքը, և բնակիչները երբ կտեսնեն կոնկրետ արդյունքներ, Վոլոդյա Նարիմանյանը դժվարացավ պատասխանել: Նա նշեց, որ ներկայում «Վիոլա ջուր» ընկերությունն ավարտում է իր կազմավորման գործընթացը: