Հնարավորություն տվեք, որ մենք համակարգ փոխենք. Գագիկ Ծառուկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրկրորդ օրն է՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքում է: Այսօր նա նախընտրական հանդիպումներ ունեցավ Սիսիանում: «Բոլոր մարզերում, ուր ես այս օրերին լինում եմ, նույն պատկերն է` ծայրահեղ վատ վիճակ, հուսահատություն: Այս երկրում փոփոխություն հնարավոր է անել միայն մեր 15 կետերի իրագործմամբ, ու դա ասում են նաև մեր միջազգային գործընկերները, որոնք ողջունել են մեր ծրագիրն ու հայտարարել, որ Հայաստանի միակ փրկությունը այդ 15 կետերի իրականացումն է: Անկախ նրանից, թե ով կհաղթի` կարևորը իրագործումն է»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ այսօր հրատապ է թոշակների բարձրացումը, առողջապահութան ոլորտում փոփոխությունները: Նա առաջարկել է, որ ամեն մարզում լինի անվճար սպասարկող բուժհաստատություն: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զբաղվեն այն գործով, որով միշտ զբաղվել են`արտադրողն ու ստեղծողը պետք է աշխատեն գործարաններում, ուստի պետք է բացեն գործարանները, վերազինեն դրանք, իսկ կրթության մասնագետները պետք է վերափոխեն կրթական համակարգը:
«Հնարավորություն տվեք, որ մենք համակարգ փոխենք, օրենք փոխենք, որ պաշտոններ զբաղեցնեն նրանք, ովքեր սրտացավ են ու ուզում են մի բան անել այս երկրի համար: Իշխանափոխություն եք ուզո՞ւմ` տվեք մեզ այդ հնարավորությունը, մենք ամեն ինչ կփոխենք, մեղավորներին էլ կպատժենք: Այլապես հետագա տարիներին է՛լ ավելի վատ է լինելու, եթե մեր 15 կետերը կյանքի չկոչվեն»,- ասաց նա ու հորդորեց վատամարդ չդառնալ սեփական ապագայի հանդեպ, սխալ ընտրություն չանել սրան-նրան խաթր անելով:
«Եթե այս անգամ էլ սխալ որոշում կայացնեք` սա է լինելու. օր օրի գործազրկությունն ավելանալու է, արտագաղթի տեմպերը մեծանալու են, մարդիկ թողնելու են հեռանան: Մի վախեցե՛ք ոչ մեկից, ու ձեր ընտրությունը կատարեք միասնական»,- հայտարարեց Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան