Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հերոսի ծնողները». Ադամի մայրը չճանաչելով անգամ սիրում է բոլոր նրանց, ովքեր հիշում ու սիրում են որդուն

LIFE

Հերոսի ծնողները նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծնողներին՝ Գայանե Անտոնյանին եւ Խաչատուր Սահակյանին:

«Այս տանն է ապրել արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանը» գրությամբ հուշաքարը զարդարում է Երեւանի Աբովյան փողոցի հենց սկզբնամասում գտնվող բավականին հայտնի շենքը՝ անցորդներին իմաց տալով, որ հենց այստեղ է կյանքի ամենապարզ տարիներն անցկացրել 20-ամյա հերոսը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ չպետք է մոռանալ։

Հերոսի տանն ամենուր կարելի էր զգալ նրա ներկայությունը, պատերին փակցված շատ ու շատ նկարներից լսել նրա ծիծաղը, ի վերջո վայելել հերոսի ծնողների հետ զրույցը, որում նա շարունակում է ապրել։

«Ես կարծում եմ, որ նրանցից եւ ոչ մեկը պատահական տղաներ չէին. մանավանդ այդ օրը, որ առաջնագծում էին կանգնած: Նրանք հատուկ առաքելություն ունեին»,-ասում է տիկին Գայանեն, ծաղիկները դնում ծաղկամանի մեջ ու տանում Ադամի մոտ։

«Ափսոս էին շատ, բայց մեկ էլ մտածում եմ՝ նրանք իրոք շատ մեծ աղետ կանխեցին իրենց մարմնով,-շարունակում է մայրը,-շատ ճիշտ են ասում. նրանք մտածելակերպ փոխեցին»։

Մշեցի նախնիների արյունը ժառանգած Ադամը դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում ճարպկությամբ ու հնարամտությամբ. ինչպես ասում են ծնողները, երբեք նրա որեւէ արարքի համար չեն ամաչել ու վատ չեն զգացել։

«Այդ ճարպկությունն ու աշխուժությունը նրա մոտ այնքան օրինաչափ էր։  Դպրոցում էլ, երբ ընկերների հետ ինչ-որ խնդիր էր լինում, առաջինն էր նրանց կողքին կանգնում, բայց երբեք չեմ էլ լսել, որ նույնիսկ դաս խանգարի։ Ոնց որ գիտեր՝ մեծը մեծ է, փոքրը՝ փոքր, ամեն մեկն իր տեղն ուներ»,-պատմում է Ադամի մայրը։

Դպրոցական միջավայրին Ադամը շատ արագ էր հարմարվում, նոր ընկերներ ձեռք բերում, արդեն հստակ պատկերացնում էր՝ ինչն է իրեն պետք գալու հետագայում։ Դպրոցական տարիներին դասերին զուգահեռ զբաղվում էր ամենատարբեր սպորտաձեւերով՝ մարմնամարզություն, լող, գեղասահք, բռնցքամարտ, կարատե։ Իսկ արդեն ավագ դասարաններում հստակ որոշում է՝ ճարտարապետ-դիզայներ է լինելու։

«Որ ասեմ, փոքրուց շատ է սիրել նկարել, գծել, չէ։ Ճիշտն ասած, քեռիս նկարչության, գծագրության մասնագետ է, երեւի մի երկու անգամ ցուցահանդեսների մասնակցեց, սիրեց։ Պատկերացրեք՝ շատ լրջությամբ սկսեց պարապել, դասից հետո գնում էր պարապմունքների, իրար հետեւից՝ նկարչություն, կոմպոզիցիա, գծագրություն։ Շատ սիրով էր անում, անչափ մեծ սիրով, եւ մեզ համար զարմանալի չեղավ, որ բարձր գնահատականներով  ընդունվեց համալսարան»։

Հենց այն բազմոցին, որին նստած որդու կյանքի դրվագներն է հիշում տիկին Գայանեն, սիրում էր նստել ու ստեղծագործել Ադամը։ Գալիս էր տուն, ականջակալները դնում ու սկսում գծագրել։

«Տարբեր ժանրի երաժշտության տակ էր աշխատում։  Հայրենասիրական երգեր էր լսում, ռոք, ջազ։ Սրանք նրա նախահամալսարանական գործերն են,-պատմում է մայրն ու ցույց տալիս պատին փակցված աշխատանքները,-սա, ասում են, անթերի աշխատանք է, ու նա զրոյից էր այս ամենին հասել, դեռ նոր-նոր էր կատարում իր առաջին քայլերը, հետո էլ ժամանակը ցույց կտար, թե ինչեր կաներ. ինչ իմանաս՝ ինչ էր կյանքը պատրաստել նրա համար: Այ, հիմա արդեն այստեղ կլիներ ու կշարունակեր»։

Տիկին Գայանեն համոզված է՝ որ ոլորտում էլ Ադամը գործունեություն ծավալեր, նրա՝ առաջնորդին բնորոշ հատկությունները կընդգծվեին, որովհետեւ նա առաջնորդ էր, վառ անհատականություն իր բնույթով, ինչն ապացուցեց նաեւ մարտի դաշտում։

«Բանակից էլ իմացել ենք, թե ինչպես է իրավիճակը կառավարել,  բոլորի կողմից սիրված Ադամն է եղել,  բայցեւ ամեն ինչ չափի մեջ էր սիրում անել։ Ասում են՝ զարմանում էինք, ոնց է ինքն իրեն տիրապետում ու խոսքով ամեն ինչ բացատրում. հաջորդ անգամ այդ մարդն արդեն իր համախոհն էր։ Ադամը շատ ընկերասեր էր, մինչեւ վերջ կկանգներ ընկերների կողքին, ու ընկերներն էլ ասում են, որ նույնիսկ դրանով էլ են նրա բացը զգում։ Լավ ընկերներ կան, բայց որ մինչեւ վերջ վտանգի պահին կկանգնեն կողքին, այ նման ընկերները քիչ են: Իմանալով ու ճանաչելով Ադամին՝ ես հենց դրանից էÕ « վախենում, որովհետեւ գիտեի՝ նման մի իրավիճակ լինի, նա կանգնելու էր մինչեւ վերջ. դա բնավորություն էր»։ 

Ադամի բացը զգում են ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլեւ մարդիկ, երիտասարդ աղջիկներ ու տղաներ, ովքեր երբեք նույնիսկ չեն էլ ճանաչել նրան։ Հայրը պատմում է, որ ամեն անգամ Եռաբլուրից տուն են բերում  բազմաթիվ նոր նամակներ, որոնցում մե´կ սեր են խոստովանում, մե´կ հայտնում են իրենց երախտագիտությունը։ Հայրը հիշեց վերջին նամակներից մեկում գրված այս տողերը.

«Քո նվիրած գարնան առաջին օրը եկավ ու որպես շնորհակալություն քեզ մի փունջ ծաղիկ եմ բերել, Ադամս...»։

Վերջին անգամ Եռաբլուրում թողել էին փայտե խաչքար, որը ստորագրել էին՝ Ա. Հայրապետյանից Ադամիս։

Տիկին Գայանեն իր մեծ սրտում տեղավորում է բոլոր նրանց, ովքեր չճանաչելով հերոս որդուն՝ նրան սիրում են ու հիշում, նույնիսկ իրենց երեխաներին որդու անունով կոչում: Ասում է՝ ես էլ նրանց եմ շատ սիրում՝ նույնիսկ չճանաչելով։

«Երբ մեր կողքին են, մենք նրանց նայում ենք որպես մեր երեխա, ամեն մայրն էլ իր երեխային ամենաշատն է սիրում,  բայց որ տեսնում ենք մյուսների սերը, ոգեշնչումը,  մենք էլ ենք ոգեւորվում։ Տղաները, կարծես, սիմվոլ են դարձել։ Վերջերս էլի նոր բանաստեղծություն էին ուղարկել, տարբեր մարդկանց ձեռքով նկարված նկարներ, այլ ձեռագործ աշխատանքներ, տարբեր մարդիկ նաեւ արտասահմանից են գրում։ Հասկանում եք՝ մեր գանձը հենց այս սերունդն է։ Ես մայրն եմ, ինձ համար ծանր է, բայց տեսնում եմ, որ մարդիկ, ովքեր չեն ճանաչել Ադամին, ոչ պակաս ծանր են տանում. ինչպե՞ս կարող եմ նրանց չսիրել ու շնորհակալ չլինել»։

Ադամի ընտրությունն էլ հենց այդ սերն էր հարազատների, ընկերների, հայրենիքի ու սեփական ժողովրդի հանդեպ։ Նա ապրում էր իր կյանքով, քայլում դեպի իր նպատակները, բայցեւ քաջ գիտակցում, որ մի պահ կյանքի ամենակարեւոր ու միակ նպատակը կարող է լինել ամեն գնով սեփական դիրքը հակառակորդից պաշտպանելը։

«Ես պարզապես հարգում եմ իր ընտրությունը, որովհետեւ ինքն ուներ հնարավորություն դիրքեր չբարձրանալու, բայց նա հենց դրան էր գնում։ Նա տվյալներ ուներ, գծագրում էր, տիրապետում էր նաեւ անգլերենի,  բայց ես գիտեի, որ եթե անգամ հնարավորություն լինի, նա ցույց կտար, որ ոչինչ էլ չգիտի։ Տղաներն ասում են՝ հրամանատարները գալիս, հենց Ադամին էին իրենց հետ վերցնում դիրքերում ստուգումներ անցկացնելու համար։ Հանկարծ ինչ-որ թեթեւ ձայն էր լսվում, զենքը վերցնում ու վազում էր։ Նրանք այնտեղ ամեն պահի էլ վտանգը գիտակցել են, ու Ադամը դա էր ընտրել։  Ես չ եմ կարող նրան մեղադրել, եթե դա իր ընտրությունն էր։ Պարզապես մեզնից երեւի մեծ-մեծ գերբնական ուժ է  պահանջվում, որ առանց նրա ապրենք»։

Ադամը ծառայության էր անցել 2015 թվականի հունվարի 26-ին։ Մեկ ամսով ծառայել էր Արցախի Մարտունու զորամասում, մասնակցել սերժանտական դասընթացների, ստացել սերժանտի կոչում ու տեղափոխվել Ջրական (Ջաբրայիլ):

Հայրը մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ է պատմում, թե ինչպես է դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ խումբը պայքարել հակառակորդի անհավասար ուժերի դեմ, արյան գնով պաշտպանել ամենախոցելի ու ամենակարեւոր դիրքերից մեկը:

«Եթե չպահեին այդ դիրքը, ես չգիտեմ՝ հետագայում ինչ կլիներ, ու պատահական չէ, որ ասում  են՝ նրանք առասպելական հերոսներ են: Բոլորը, նույնիսկ կռվածներն են ասում, որ  նրանք ավելին արեցին: Ադամենք մոտ 5 ժամ պահել են դիրքը, կոտրել հակառակորդի ողնաշարը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել նրանց առաջխաղացումը»:

Մայրը նայեց որդու նկարներից մեկին ու հիշեց՝ Ադամի այս նկարը նա էր մշակել, որդին տեսել էր այն ու ակամայից ասել՝ կարծես հավերժ փառք ունեցողի նկար լինի:

«Ասում է ու ժպտում է,  ես էլ բարկացա, թե ինչի ես էդպիսի բաներ ասում, ինքն էլ  սկսեց բարձր ծիծաղել:  Չգիտեմ՝ կարծես անկախ իրենցից զգային, ու ինձ մի օր էլ  ասաց՝ գիտես, չէ, մամ, որ հանկարծ պատերազմ լինի, ես իններորդ ջոկի հրամանատարն եմ, մի տեսակ այնքան հպարտ-հպարտ դա ասաց:  Ես էլ ասում էի՝ ախր, Ադամ ջան, ինչի ես մտածում, որ պիտի պատերազմ լինի»:

Ծնողները ասում են՝ այն, ինչ անում են, այն մեծ ջանքերը, որ գործադրում են դժվարին ժամանակաշրջանը հաղթահարելու համար,  Ադամին ավելի շատ սիրելով են անում. եթե հակառակը լիներ, նշանակում է՝ որդուն մի քիչ քիչ են սիրել,  ու ավելի շատ սեփական անձի մասին են մտածում:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հ.Գ. Ինձ համար այսքան դրական ու տպավորիչ հանդիպումից հատկապես կհիշեմ տիկին Գայանեի աչքերը, որոնցում այնքան ասելիք կա, ու պրն Խաչատուրի ժպիտը, որն ասում է՝ չէ, ես չարացած չեմ աշխարհի վրա, հանուն Ադամի՝ ժպիտն ինձ երբեք խորթ չի լինի:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal