Գյուղի տղեն ու քաղաքի աղջիկը
ANALYSIS«Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները, մենք ունեցել ենք ընկերական զրույց, ես նա եւ պարոն Սասուն Միքայելյանը սրճարանում զրուցել ենք, դա պաշտոնական հանդիպում չի եղել ինձ որեւէ առաջարկ ներկայացնելու առումով, եթե դա լինելր պաշտոնական, ես բանավոր կմերժեի, չէի հանդիպի։ Կարիք չկար, որ Փաշինյանը հանդես գար այդ հայտարարությամբ, ցանկալի է, որ Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքի տղա ու չխախտի էթիկայի կանոնները»։
Սա հատված է Զարուհի Փոստանջյանի ծավալուն հարցազրույցից։ Ընդհանրապես, եթե հաշվի առնենք տիկին Փոստանջյանի էքսցենտրիկ բնավորությունը, ապա տպավորություն է ստեղծվում, որ նա երբեմն չի գիտակցում թե ինչ է ասում։ Բայց էականն այս հանգամանքը չէ։ Խնդիրը կայանում է նրանում, որ կիրթ մարդն իրավունք չունի նման հակադրություն դնել քաղաքաբնակների և մարզերում ապրողների միջև կամ ընդհանրապես, փորձել սահմանել «քաղաքի տղա» հասկացությունը։ Վաղուց, մարդկային հասարակությունը հասել է ինտելեկտուալ այն հանգրվանին, որպեսզի անհատին ճանաչեն ու ընկալեն իր շնորհների արդյունքում։ Քաղաք-գյուղ, «գեղցի» ու նման արժեքային հակադրությունների դաշտ մտնողները սովորաբար տգետ քաղքենիներն են, որոնք ընդհանրապես չեն հասկանում մշակութային այդ դաշտի արժևորման խնդիրները։ Ոչ տիկին Փոստանջյանը, ոչ էլ որևէ ավելի լուրջ հետազոտող, չի կարող հստակեցնել, թե ո՞րն է երևանցին, կամ ընդհանրապես «քաղաքի տղեն»։
Բայց ինչպես ասում են՝ «նմանն զնմանին գտանէ» ու քաղաքապետի ընտրությունները լեգալացնող այս երկու գործիչները, որոնք համառ պայքար են մղում Սերժ Սարգսյանի «ամենաքննադատ» դափնին նվաճելու համար, այս փուլում դեռ առիթներ կունենան միմյանց «սիրով» վերաբերվելու։
Կարեն Մարգարյան, Armenia24.info