Պուտինը վրիպե՞լ է
ANALYSISՌուսաստանում արդեն ընթացք է ստացել Բորիս Նեմցովի սպանության գործի դատական փուլը։
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը դատարանում հայտարարել է, թե սպանության օրը հիվանդ է եղել և դուրս չի եկել տնից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դադաևը ընդունել էր մեղքը, սակայն հետո հրաժարվել իր խոսքերից՝ պնդելով, որ ինքնախոստովանական ցուցմունք է տվել ճնշման տակ:
Ի սկզբանե պարզ էր, որ Նեմցովի սպանությունն այդքան էլ պրիմիտիվ չէր, որքան ներկայացնում էր պուտինյան քարոզչամեքենան։ Ասել, թե Նեմցովը ժողովրդի զավակն էր ու համեստ աշխատավոր, որը որևէ աղերս չուներ իշխանությունների հետ, բավականին սխալ կլինի։ Սակայն Նեմցովն իր կենդանության օրոք հանդիսանում էր ռուսաստանյան ընդդիմության լուսավոր կետերից մեկը, որի հանդեպ պուտինյան մեքենան շատ վատ էր աշխատում։
Նա ուներ որոշակի հեղինակություն տարբեր խմբերի մոտ ու նպաստող հանգամանքների առկայության պարագայում, հնարավոր է, որ այդ խմբերը կոնսոլիդացվեին։ Սա էր ամբողջ խնդիրը Նեմցովի հետ կապված։ Իսկ ինչ մնում է Դադաևին, եթե նրա հետ արտառոց ոչինչ տեղի չունենա, ասենք կոճի թելով ինքնասպանություն կատարի, կամ ահաբեկեն բոլոր հնարավոր մեթոդներով, ապա շատ հավանական է, որ այս դատաքննության ընթացքում բազմաթիվ հետաքրքրական իրողությունների ականատես կլինենք։
Մարիա Պախուցկայա, Armenia24.info