Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այստեղ լինելը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Ապրիլի 24-ը նշվում է որպես մարդկության դեմ ուղղված լայնամասշտաբ հանցագործության օր, որը մենք ուղղակիորեն անվանում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նման դեպքերը պետք է հիշվեն ամբողջ աշխարհում, հատկապես այն վայրերում, որտեղ տեսնում ենք ատելություն մեկը մյուսի նկատմամբ: Ահա այդ ընդհանուր ատելության հետևանքն է եղել ժամանակին Հայոց ցեղասպանությունը, հետագայում Հոլոքոստը, այնուհետև եզդիների և քրդերի կոտորածը և այդպես շարունակ: Սրանք այն դեպքերն են, որոնք երբևիցե, չպետք է կրկնվեն: 1915 թվականից հետո նման դեպքեր պատահել են շատ տեղերում և հիշել Հայոց ցեղասպանությունը նշանակում է հիշել ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհ դարձած մարդկանց: Ինձ համար պետության պաշտոնական դիրքորոշումից առաջ կարևոր է մարդկանց վերաբերմունքը: Այն, որ գիտեն Ցեղասպանության մասին, նույնիսկ այն երկրներում, որտեղ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Էնգելը:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ: