Արծվիկ Մինասյանը ցանկանում է երկրի զարգացմանը նպաստել մնալով բնապահպանության նախարարի պաշտոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այն կարծիքին է, որ բնապահպանության նախարարությունը պետք է դառնա երկրի զարգացման կարևոր հենասյունային գերատեսչություններից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարն ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ցանկությւն հայտնեց նոր կառավարության կազմում պահպանել ներկայիս պաշտոնը:
«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը, որի համար բոլոր հիմքերը և տնտեսական պրակտիկ մեխանիզմները կան: Այդ տեսանկյունից գործադիրում այս դիրքը շատ ավելի օգտակար կարող է լինել երկրի համար, քան խորհրդարանում գտնվելը: Չնայած` կարոտում եմ, սիրում եմ խորհրդարանական աշխատանքը, և, բնականաբար պետք է մի բանից քեզ զրկես, որպեսզի ինչ-որ հաջողություն արձանագրես»,- ասաց նախարարը:
Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Նորաստեղծ խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր գործադիր մարմին: