Պետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալ օրինակ. Նուբար Աֆեյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալ օրինակ, թե ինչպես կարող ենք հզորանալ ու երկիր սարքել, օգնել ուրիշներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո չպետք է բավարարվենք միայն վերապրումով: Ես լավատես եմ: Կարծում եմ, Հայաստանն այդ հնարավորությունն ու կամքը պետք է ունենա: Նրա ապագան փայլուն է»,-նշեց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը պետք է առաջ գնան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր, ինչի համար, ըստ նրա, քայլեր արդեն իսկ արվում են:
«Անշուշտ, հիմա բոլորս անհամբեր ենք: Այդքան ժամանակ սպասել ենք, որ անկախ երկիր ունենանք, հիմա ուզում ենք շուտով դառնալ եվրոպական երկիր: Չեմ ասում, որ շատ քայլեր չկան անելու, բայց կարծում եմ, որ հիմա որոշ քայլեր արվում են ու դեռ արվելու են»,-ասաց Նուբար Աֆեյանը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցին ի պատասխան ընդգծելով, որ Հայաստանն այսօր գնում է դեպի ժողովրդավարություն:
«Բայց ես ապրում եմ ԱՄՆ-ում, և այնտեղ էլ կա կոռուպցիա: Աշխարհի բոլոր կողմերում մարդիկ գտնում են ձևեր, որ կարողանան ապօրինի ձևով առաջ գնալ և այլն, բայց այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ կցանկանային Ցեղասպանության նահատակներն ազգի կայացման համար: Պետք է այդ հարցը տանք ու այդ քայլերով շարունակենք»,-եզրափակեց նա: