Հայաստանում քրդական համայնքը քուրդ ժողովրդի անունից դատապարտում է Հայոց ցեղասպանությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի քրդական համայնքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1.5 մլն հայերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի իշխանությունը պետականորեն պլանավորված կատարեց ցեղասպանություն:
«Մենք` քրդական համայնքի ներկայացուցիչներս, քուրդ ժողովրդի անունից դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը և գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի հիշատակին, կոչ ենք անում թուրքական իշխանություններին, թուրք ժողովրդին ընդունել հայերի ցեղասպանությունը և հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կնյազ Հասանովը:
Միաժամանակ, քրդական համայնք կոչ է անում դադարեցնել քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ամենօրյա ցեղասպանությունը: Կնյազ Հասանովը նշվեց, որ այսօր Թուրքիայում քանդվում են քրդական քաղաքները, գյուղերը, քուրդ պատգամավորները բանտում են գտնվում, և դա միայն նրա համար, որ քուրդ են:
«Այն, ինչ հայերի նկատմամբ կատարվեց 102 տարի առաջ, այսօր կատարվում է քրդերի նկատմամբ: Կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել Թուրքիայի արյունոտ ձեռքը, որ չիրականացնի ցեղասպանություն: Եթե չընդունվի հայերի ցեղասպանությունը, ապա երբեք չեն ընդունվի ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ կատարված ցեղասպանությունները»,-ասաց նա:
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրություում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան երկու տասնյակ պետություններ: