20 երկրներից 68 երաժիշտներ կատարել են հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները (ֆոտոռեպորտաժ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ68 հայազգի երաժիշտներ, որոնք ապրում ու աշխատում են աշխարհի 20 երկրներում, միավորվել են «Համահայկական նվագախմբի» կազմում ու այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, համերգ տվել Երեւանի օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կատարվել են դասական ու ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (ֆոտոռեպորտաժ)։
Ռուզաննա Սիրունյանը՝ նախագծի կազմակերպիչներից մեկը, լրագրողներին պատմել է, որ այդ նախագծի կազմակերպման գործում դժվարություններ, իհարկե, եղել են, ի վերջո հեշտ չէ տարբեր երկրներում աշխատող մարդկանց միավորել մեկ միասնական «օրգանիզմի», մեկ նվագախմբի մեջ։ Այդուհանդերձ, բոլոր դժվարությունները հաղթահարվել են։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համերգի ժամանակ կոչ է արել ոչ միայն վայելել երաժշտությունը, այլեւ ուշադրություն դարձնել կադրերին, որոնք ցուցադրվելու են էկրանին նվագախմբի ետեւում։ Դրանք հավաքել էր համերգի ռեժիսոր Արամ Սուքիասյանը, ու այդ կադրերը, նախարարի խոսքով, հոյակապ լրացնում են երաժշտական ստեղծագործությունները։
Համերգը սկսվել է Ալեքսանդր Աճեմյանի ուվերտյուրայից՝ նվագախումբն այն կատարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հնչել են նաեւ հայտնի ժամանակակից հեղինակների՝ օրինակ Սերժ Թանկյանի ու Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Հիշեցնենք, որ «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
Նախագիծը իրականացվում է նախագահի աջակցությամբ ու Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին։