Life.panorama.am-ը գրում է.
Թամարա Գեւորգյանը «Փոխնակ մայրը» սերիալից հետո երկար դադար չվերցրեց եւ այժմ նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է նոր աշխատանքի եւ կերպարի մասին:
«Սերիալի սցենարի հեղինակ Անուշիկ Պետրոսյանի կողմից մի նոր կերպար էր գրվել, որի մարմնավորման համար առաջարկ ստացա: Ընթացքում ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի հետ եկանք ընդհանուր հայտարարի եւ սկսեցինք համագործակցել»,- նշեց Թամարան ու պատմեց իր հերոսուհու մասին.
«Մարմնավորում եմ Մերիին: Նա թեթեւամիտ աղջիկ է, ով ուզում է գրավել գլխավոր հերոսի սիրտը: Մերին բավականին խելացի աղջիկ է, բայց փորձում է ամեն գնով քողարկել դա: Առաջին հայացքից նա կարծես թե վտանգ չի ներկայացնում, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէ»,- նկատեց նա:
Թամարա Գեւորգյանին հեռուստադիտողը ճանաչեց բացասական կերպարով, այժմ կրկին դրական հերոսուհու նրան չեն հանձնել: Թե ինչու են ռեժիսորները նրան տեսնում «չար» կերպարներում, պատասխանեց.
«Բազմիցս եմ նշել, որ կոնկրետ ինձ համար էական չէ կերպարի դրական կամ բացասական լինելը, փոխարենը շատ ավելի կարեւոր է, որ բնավորություն ունենա: Շատ դերասաններ խուսափում են բացասական կերպարներից, ինչը եւս հասկանում եմ, քանի որ վախ կա, որ հեռուստադիտողի կողմից այդպիսին կընկալվես: Իսկ թե ինչի հետ է կապված այն, որ այս էլ երկրորդ անգամ ինձ բասացական հերոսուհու են վստահում, ինքս էլ չգիտեմ. ըստ իս, դա որեւէ բանով պայմանավորված չէ, պարզապես այդպես է ստացվել»:
«Մեղրամիս»-ն արդեն երկար ժամանակ է՝ եթերում է, հարցին, թե դժվար չէ՞ր արդյոք արդեն հայտնի նախագծում նկարահանվելը, նկատեց, որ ամեն ինչ սահուն է անցել ու դժվարությունների չի հանդիպել, ավելին՝ հավելեց, որ հասցրել է ինտեգրվել նոր թիմին.
«Արդեն հասցրել եմ մտերմանալ այս թիմի հետ: Թե ստեղծագործական, թե դերասանական կազմը շատ լավն է ու բարեհամբյուր, այդ իսկ պատճառով շատ արագ դարձա նրանց մի մասնիկը»,- ավարտեց դերասանուհին: