Տարոն Մարգարյանը մեծ վստահություն ունի իր թիմի ներուժի ու ունեցած հնարավորությունների վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Երեւանի քաղաքապետի տեղակալ, ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը: Ինչպես նա նշեց՝ հանդիպման կազմակերպման նպատակներից է լինել հաշվետու տեղի բնակչությանը: Վ. Նիկոյանը ընդգծեց, որ չորս տարի առաջ տրված քվեն պարտավորեցնող էր, ու որ Տարոն Մարգարյանի թիմն արել է առավելագույնը Երևանն ու մասնավորապես Նոր Նորքն ավելի լավը դարձնելու համար. «Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հնարավոր եղավ լուծել չլուծվող թվացող խնդիրները: Դրական արդյունք գրանցվեց մեր թիմի ամենօրյա աշխատանքի ու, իհարկե, ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ»:
Տարոն Մարգարյանն էլ իր ելույթի ժամանակ խոսեց քաղաքաշինական զարգացման ծրագրերից, մինչեւ վերելակային տնտեսության հարցի ամբողջական լուծման մասին՝ կանաչապատումից մինչեւ բնակելի ֆոնդի պահպանում:
Նշենք, որ գործող քաղաքապետն իր ծրագրերում ներառել է նաեւ մասնավոր ներդրումների ներգրավման հարցը: Տարոն Մարգարյանն առավել քան վստահ է, որ ընտրվելու դեպքում իր ու իր թիմի կողմից ներկայացված ծրագրերը իրատեսական են լինելու: Նա մեծ վստահություն ունի իր թիմի ներուժի ու ունեցած հնարավորությունների վրա: