Մկրտչյա՞ն, թե Երիցյան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԲոլորի, հատկապես մանկավարժական աշխատողների հիշողության մեջ դեռ թարմ են մնացել այսպես ասած նախորդ «օպտիմալացման» ծրագրի հետևանքները։ Այն ժամանակ հավաստիացնում էին, որ ոչ մեկ աշխատանքից չի զրկվելու և այլն։ Արդյունքում ստացվեց, որ 100-ավոր վաստակաշատ մանկավարժներ, տասնյակ տարիների փորձով, դուրս մնացին համակարգից ու դարձան գործազուրկներ։ Այժմ, նմանատիպ մի տխրահռչակ նախագիծ է առաջարկում վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ այդ նախագծի 150-200 աշակերտ ունեցող դպրոցները կախված են օպտիմալացման կամ փակման վտանգի տակ։ Մանկավարժ մասնագետներին հետաքրքրում է հատկապես իրենց աշխատանքի հետագա ճակատագիրը։ Նախ գանք այնտեղից, որ Հայաստանում գյուղերի մեծամասնությունում 100-ից ավել աշակերտ չկա։ Շատ դեպքերում, տարբեր տարիքային դասարանները միասին են դաս անում։ Սրանից զատ, քաղաքների մեծամասնությունում ևս նույն վիճակն է։ Դպրոցական միջավայրին մոտ կանգնած մարդիկ, շատ լավ գիտակցում և հասկանում են, թե ի՞նչ մեթոդներով է լինում դասաբաշխում ասվածը և ընդհանրապես աշխատանքի ընդունելը։
Քանակական այդ ցուցիչի տակ գտնվող բոլոր դպրոցներում, մասնագետների մեծ մասը թերբեռնված է։ Այսինքն, նրանք առանց այն էլ ուսուցչի խղճուկ դրույք աշխատավարձի մի մասն են ստանում։ Հիմա, երբ միավորում ես ենթադրենք երկու 150 աշակերտ ունեցող դպրոց, հաստիքին մնացող տնօրենին շատ ավելի ձեռնտու է, որ լրիվ ծայնրաբեռնվածություն ապահովի իր մասնագետին։ Իսկ եթե անգամ հակառակը լինի, ապա դա իր մեջ պարունակում է հսկայական կոռուպցիոն ռիսկեր։ Մյուս կողմից, կրթության ոլորտն Հայաստանում ամենակոռումպացվածներից է։ Իսկ դա, նախ և առաջ գալիս է իշխանության անառողջ քաղաքականությունից և ցածր աշխատավարձերից։ Խղճուկ աշխատավարձ ստացող ուսուցիչը ստիպված է գործարքի գնալ աշակերտի հետ, սկսած գնահատականի խնդրից, վերջացրած ՝ այսպես ասած մասնավոր պարապմունքներով։ Դա հնարավորություն է տալիս ուսուցչին մի կերպ պահպանել իր գոյությունը։ Վարչապետն ու նախարարը շատ լավ կանեին այս հարցերով զբաղվել, այլ ոչ թե հերթական անգամ հարյուրավոր աշխատատեղեր փակելու փորձեր անեին։
Մանուկ Մուրադյան, Armenia24.info