Դիտորդական առաքելությունները սպառվել են
ANALYSIS«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունը:
Եզրակացության մեջ նշվում է. «2017 թ. մայիսի 14-ին Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւան քաղաքի 60 ընտրական տեղամասերում եւ բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաեւ առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման եւ լուծման նպատակով գործել են 5 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 140 դիտորդ»։
Սրանից զատ, առաքելության ներկայացուցիչները նշում են, որ տեղի են ունեցել կոպտագույն խախտումներ։ Այստեղ, ինչպես ասում են, մի րոպե սպասենք։
Եթե տեղի ունեցել կոպտագույն խախտումներ, ապա դրանք չէին կարող չազդել ընթացքի և վերջնական արդյունքի վրա։ Մյուս կողմից, պետք է հասկանալ, թե ի՞նչ է ասել կոպտագույն խախտում հասկացությունը։ Կոպտագույն խախտումներ կային 2008-ին, երբ գողանում էին քվեաթերթիկներ, ծեծում էին ընդդիմության վստահված անձանց, կատարում էին լցոնումներ, մի թեկնածուի քվեները դնում էին մեկ այլ թեկնածուի քվեների վրա։ Սա հասկանում ենք կոպտագույն խախտում։ Այս դեպքում, ընդդիմությունը ոչ միայն ընդունել է արդյունքները, այլ նաև հայտարարել է, որ ընտրությունները լեգիտիմ են։ Ուստի, ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարարությունը։ Բացատրեմ։ Սրանով, կազմակերպությունները ուզում են փաստել, որ իրենց տված միջոցները չեն մսխվել և որ իրենք լավ աշխատանք են կատարել։ Ասել կուզե, փորձում են արդյունավետ երևալ դոնորների աչքում։ Սակայն, կարծես այս առաքելությունները սպառել են իրենց։ Ինչու՞։ Մի դեպքում մենք տեսնում ենք կեղծ դիտորդական կազմակերպություններ, որոնց գրանցում է իշխանությունը, տեղամասում մեկ-երկու ավել մարդ ունենալու համար։ Մեկ այլ դեպքում, մենք տեսնում ենք միջազգային կառույցների կողմից հովանավորվող տեղական կազմակերպություններ, որոնք հիմնականում խախտումներ բացահայտողներն են։ Սակայն այստեղ կա մեկ վերապահում։ Բնավ չմեղադրելով կազմակերպիչներին, հարկ ենք համարում փաստել, որ այդ առաքելություններում ընդգրկվում են մարդիկ, ովքեր հիմնականում ունեն ընդդիմադիր հայացքներ, այսինքն՝ անաչառ չեն հակառակ կողմից։ Գոնե այս ընտրություններում, նման դեպք գրանցվեց, երբ դիտորդն ուղղորդում էր ընդդիմության համար։
Վերջաբանի փոխարեն նշենք, որ դիտորդի առաքելությունը կայանում է նախ և առաջ անաչառության մեջ։ Կարևոր չէ, թե դու ում կսպասարկես ՝ իշխանությանը, թե ընդդիմությանը, դրանով արդեն խախտում ես քո աշխատանքային դաշտի իրավական սահմանները։ Եթե չի աշխատում անաչառության սկզբունքը, ուրեմն դիտորդական կազմակերպությունների գործունեությունը կրում է ձևական բնույթ։
Ատոմ Ոսկանյան, Armenia24.info